Հայաստանում գործարկվող HelpCourt հարթակը շարունակում է ընդլայնել իր գործառույթները՝ ապահովելով դատաիրավական համակարգի թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունը։ Այժմ հնարավոր է գնահատել ոչ միայն դատավորների ու քննչական մարմինների, այլև՝ նոտարների գործունեությունը։
HelpCourt-ը հնարավորություն է տալիս ՀՀ փաստաբանների պալատի անդամներին գնահատել նոտարների աշխատանքը՝ հիմնվելով անձնական փորձի և մասնագիտական շփման վրա։ Նոտարները ներկայացված են հատուկ բաժնում, որտեղ կարելի է տալ դրական կամ բացասական գնահատական, մեկնաբանել նրանց գործունեությունը և այդ կերպ ձևավորել մասնագիտական հանրության կարծիքը։
Հարթակի այս գործառույթը նպատակ ունի բարձրացնել նոտարական համակարգի թափանցիկությունը, բարելավել հանրային վստահությունը և խթանել որակյալ ծառայությունների մատուցումը։
Գնահատումները հասանելի են բոլոր օգտատերերին՝ որպես տեղեկատվական աղբյուր։
Նշենք, որ գնահատման իրավունքը տրամադրվում է միայն փաստաբաններին, և նոտարների աշխատակիցները կամ քաղաքացիները ներկայումս նման հնարավորություն չունեն։