«Կոռուպցիոն դրսևորումները մեզ համար անընդունելի են»:
Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում վերջին ձերբակալություններին։
«Այս մակարդակում որքա՞ն պետք է նման գործողություններ լինեն, որ խաղի կանոնները հասկանանք»,- ասել է նա։
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը,, արձագանքելով, շնորհակալություն է հայտնել ԱԱԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին և նշել, որ դեպքը իր ներկայությամբ չի եղել:
«Մեր աշխատակիցներից մեկն այս պահին տնային կալանքի տակ է, նախաքննությունը շարունակվում է, որևէ այլ բան չեմ կարող ասել։ Կարող եմ փաստել մեր դիրքորոշումը, որ համայնքային բյուջեից մեկ լումա անգամ գողանալը մեղմ ասած սրիկայություն է»,- նշել է Մկրտչյանը։
Քաղաքապետը շարունակել է, թե խոսքը ոչ միայն համայնքային բյուջեից գողանալու մասին է, այլև՝ ինչ-որ մի բան արձանագրել կամ չարձանագրելու համար կաշառք վերցնելու:
«Նման բոլոր երևույթները մեզ համար անընդունելի են։ Որքա՞ն տեղի ունենա այս գործընթացը, որ մշակութային ամբողջական փոփոխությունը կարողանանք կատարել։ Ես կարծում եմ՝ իրավապահներն իրենք գործառույթը պետք է իրականացնեն, բայց մենք էլ անելիք ունենք՝ համակարգային վերլուծության տրամաբանությամբ։ Ըստ նրա, գայթակղությունը մեծ է, և պետք է համակարգային լուծումներ գտնել»,- ասել է Ավինյանը: