Կարևոր իրադարձություններ

Եկամուտների հայտարարագրման սկզբնաժամկետ է սահմանվում մարտի 2-ը, վերջնաժամկետ՝ նոյեմբերի 1-ը. Թունյան

21 Ապրիլ, 2025 15:20
Եկամուտների հայտարարագրման սկզբնաժամկետ է սահմանվում մարտի 2-ը, վերջնաժամկետ՝ նոյեմբերի 1-ը. Թունյան

Քաղաքացիները 2025-ին և 2026-ին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 1-ը, դրանից հետո՝ մինչև հուլիսի 1-ը, իսկ ներկայացնել կարող են մարտի 2-ից սկսած:

Այս մասին ԱԺ-ում, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

 
 

«Մայիսի 1-ը՝ որպես վերջնաժամկետ, որը սահմանված է օրենքով, փոխում ենք՝ այս տարվա և հաջորդ տարվա համար սահմանելով նոյեմբերի 1-ը: Այսինքն՝ այն մարդկանց համար, որոնք հայտարարագիր են լրացնում այս տարի նախորդ տարվա եկամուտների համար, հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1-ը: Նրանց համար, որոնք հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար, վերջնաժամկետը նույնպես դառնում է նոյեմբերի 1-ը: Դրանից հետո հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է դառնում հուլիսի 1ը»,- մանրամասնել է Թունյանը:

Նախագծով սահմանվում է ոչ միայն վերջնաժամկետը, այլ նաև հայտարարագրերի ներկայացման սկզբնական կետ:

Ներկայացված օրենքի նախագծով հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը լինելու է մարտի 2-ը:

«Այսինքն՝ դրանից շուտ պետությունը հայտարարագիր չի ընդունելու, որպեսզի պետական համակարգը հնարավորություն ունենա նաև գործատուներից և հարկային գործակալներից որոշակի ինֆորմացիա ստանալ և ավելի ամբողջական, ինքնաշխատ տարբերակով լրացնել այդ հայտարարագրերը»,–ասել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ մոտ 35 հազար մարդ է այս պահի դրությամբ հայտարարագիր ներկայացրել: Պատգամավորի կարծիքով՝ այդ փոքր թվի պատճառներից մեկը մարդկանց՝ դեռևս նույնականացման քարտ չունենալն է: Պատճառներից է նաև այն, որ մարդիկ արդեն մի քանի ամիս գիտեն, որ հայտարարագրման ժամկետը տեղափոխվելու է նոյեմբերի 1, այսինքն՝ գիտեն, որ դեռևս ժամանակ ունեն:

 

Լրահոս

Դիտել ավելին