Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտարարել է, որ Անկարան առաջիկայում ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններ է անցկացնելու կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտում, գրում է Անադոլուն։
«Առաջին շփումներն արդեն իսկ կայացել են, առաջիկա օրերին դրանք կանցկացվեն նախարարական մակարդակով»,- ասել է Բոլաթը։ Բոլաթը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մաքսատուրքերը բարձրացնելու որոշումը և այլ երկրների կողմից ձեռնարկված պատասխան միջոցները հսկայական «փոշու ամպ» են ստեղծել համաշխարհային տնտեսությունում։ «Կարծում ենք՝ երկուսս էլ արժանի չենք և չենք սպասում 10% մաքսատուրքի։ Սակայն այս պահին բանակցությունները ԱՄՆ-ի հետ կվարենք փոխըմբռնմամբ, դրական միջավայրում, կառուցողական ձևով»,- նշել է թուրք նախարարը։ Բոլաթն ասել է, որ կարևոր են այն հարցերը, թե ինչպես կազդի համաշխարհային առևտրի զարգացումը մյուս երկրների վրա, ինչպես նաև՝ ինչպես կազդի այդ իրավիճակն այդ երկրների հետ Թուրքիայի առևտրի վրա։
«Այս բաժինը նույնքան կարևոր է, որքան Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև առևտրային հարաբերությունները, և մենք պատրաստվում ենք այս պահին։
Մենք թույլ չենք տա, որ Թուրքիան դառնա պահեստ, որտեղ ապրանքներ կբեռնաթափվեն, հատկապես, մրցակից երկրներից, մենք վճռական ենք այս հարցում։
Մենք կօգտագործենք համաշխարհային առևտրի կանոններով մեզ տրված բոլոր լիազորությունները։
Իրականում, շատ դժվար ժամանակներ են Առևտրի համաշխարհային կազմակերպության համար, քանի որ միակողմանի որոշումները լուրջ վնաս են հասցրել աշխարհում գործող բազմակողմ կանոնների վրա հիմնված համակարգին։ Մենք հույս ունենք, որ համաշխարհային աճի և համաշխարհային առևտրի առումով երկրների միջև կհաջողվի փոխզիջման հասնել՝ առանց այս անորոշության չափազանց բարձր գնի, և որ առևտուրը կշարունակի մնալ համաշխարհային տնտեսական աճի շարժիչ ուժը»,- նշել է թուրք պաշտոնյան։