Զատկական երկուշաբթի օրը՝ ապրիլի 21-ին, 89 տարեկան հասակում վախճանվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու վերջին 12 տարիների առաջնորդ Ֆրանցիսկոս պապը: Այժմ Վատիկանին սպասվում է Պոնտիֆիկոսին հրաժեշտի և նոր պապի ընտրության բարդ գործընթացը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո ավազանի անունով) մահացել է Վատիկանի իր նստավայրում՝ Կասա Սանտա Մարտայում։
Ֆրանցիսկոսը կաթոլիկ եկեղեցու առաջնորդ է դարձել 2013 թվականի մարտին Հռոմի պապ Բենեդիկտոս 16-ի կամավոր հրաժարականից հետո։ Նա դարձել է Նոր աշխարհում ծնված առաջին պոնտիֆիկոսը և մեծապես փոխել Վատիկանը, գրում է BBC-ն:
Հուղարկավորություն
Հռոմի պապի հուղարկավորությունը, ըստ հաստատված ավանդույթի, սովորաբար տեղի է ունենում պոնտիֆիկոսի մահից հետո չորսից վեց օրվա ընթացքում, իսկ հոգեհանգստի արարողությունները կատարվում են ինը օր։ Հուղարկավորության օրը դեռ որոշված չէ։
Ավանդաբար պապի հուղարկավորությունը բարդ, հանդիսավոր ընթացակարգ է, սակայն անցած ապրիլին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պարզեցրել է արարողությունը՝ Վատիկանի գոյություն ունեցող ծեսերը համարելով չափազանց շքեղ։ Փոփոխությունները ազդելու են ինչպես բուն արարողության, այնպես էլ թաղման վայրի վրա:
Նախկին պոնտիֆիկոսները թաղված էին երեք շերտ ունեցող դագաղներում՝ պատրաստված նոճիից, կապարից և կաղնուց։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, սակայն, ընտրել է ցինկով պատված հասարակ փայտե դագաղը։
Ֆրանցիսկոսը վերացրել է նաև մեկ այլ ավանդույթ. նախկինում դագաղում դրվում էին հանգուցյալ պապի հովվապետության օրոք հատված մետաղադրամներ և նրա գործերի համառոտ նկարագրությունը։
Նա նաև հրաժարվել է հանգուցյալ պապի մարմինը հավատացյալների առաջ դագաղից դուրս գտնվող պլատֆորմի վրա ցուցադրելու ավանդույթից: Փոխարենը, սգավորները կհրավիրվեն հարգանքի տուրք մատուցելու մինչ նրա մարմինը կլինի դագաղում՝ կափարիչը հանված:
Չի լինի նաև դագաղի պաշտոնական կնքումը, քանի որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարգադրել է, որ ծեսն ավելի շատ նման լինի սովորական քրիստոնյայի թաղմանը:
Ֆրանցիսկոսը կդառնա նաև առաջին պապը վերջին ավելի քան մեկ դարում, ով կհուղարկավորվի Վատիկանի սահմաններից դուրս: Նրան կթաղեն Սանտա Մարիա Մաջիորեի բազիլիկում՝ Հռոմի չորս գլխավոր պապական բազիլիկներից մեկում։ Նրանց սովորական բազիլիկներից տարբերում է այն, որ դրանք ուղղակիորեն ենթակա են Հռոմի պապին:
Հանգուցյալ պոնտիֆիկոսն այս որոշումը կայացրել է իր կենդանության օրոք։ Երկուշաբթի երեկոյան Վատիկանը հրապարակել է Պապի վերջին կտակը, որում Ֆրանցիսկոսը խնդրել է իրեն թաղել բազիլիկում՝ պարզ, անզարդ շիրիմում։
«Զգալով իմ երկրային կյանքի մայրամուտի մոտենալը և հավիտենական կյանքի կենդանի հույսը սնուցելով՝ ցանկանում եմ իմ հետմահու կամքը հայտնել բացառապես իմ թաղման վայրի վերաբերյալ»,- ասվում է Պոնտիֆիկոսի 2022 թվականի հունիսի 29-ի կտակում։
Տեքստը ցույց է տալիս ապագա թաղման ճշգրիտ վայրը՝ բազիլիկի կողային նավի մեջ, և պարզության համար նույնիսկ գծապատկեր է ներառված։ «Գերեզմանը պետք է լինի գետնի մեջ՝ պարզ, առանց որևէ հատուկ զարդարանքի և մեկ մակագրությամբ լատիներեն՝ Ֆրանցիսկոս»։
Ո՞վ է ընտրում նոր Պապին
Նոր պապին պետք է ընտրեն կաթոլիկ եկեղեցու ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հայտնի են որպես Կարդինալների քոլեջ: Նրանք նշանակվում են անմիջապես պապի կողմից և սովորաբար ձեռնադրվում են եպիսկոպոսներ։ Ավելին, բոլոր կարդինալները տղամարդիկ են։
Նոր պապի օգտին կարող են քվեարկել միայն նրանք, ովքեր դեռ 80 տարին չեն բոլորել. նրանք կոչվում են «պապաբիլի»։ Քոլեջում ներկայումս ընդգրկված է 252 կաթոլիկ կարդինալ, որոնցից 183-ը ձայնի իրավունք ունի։ Մյուսները կարող են մասնակցել բանավեճին, թե ով պետք է զբաղեցնի նոր պապի տեղը։
Ինչպե՞ս է ընտրվում նոր պապը և ի՞նչ է կոնկլավը
Երբ պապը մահանում է (կամ հրաժարական է տալիս, ինչպես եղավ 2013-ին Հռոմի պապ Բենեդիկտոս 16-ի հետ), կարդինալներին կանչում են հանդիպելու Վատիկանում, որից հետո անցկացվում է կոնկլավ. այդպես կոչվում են պապական ընտրությունները։
Հռոմի պապի մահվան և նրա իրավահաջորդի ընտրության միջև ընկած ժամանակահատվածում Եկեղեցին կառավարվում է Կարդինալների քոլեջի կողմից, իսկ Սուրբ Աթոռը համարվում է թափուր։
Ընտրությունները տեղի են ունենում խիստ գաղտնիության պայմաններում՝ Միքելանջելոյի նկարներով հայտնի Սիքստինյան կապելլայում։
Յուրաքանչյուր կարդինալ քվեարկում է իր նախընտրած թեկնածուի օգտին, քանի դեռ չի ընտրվել հաղթողը, մի գործընթաց, որը կարող է տևել մի քանի օր: Նախորդ դարերում քվեարկությունը կարող էր տևել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ: Որոշ կարդինալներ նույնիսկ մահացել են՝ չորոշելով նոր պոնտիֆիկոսի թեկնածությունը։
Քվեարկության ընթացքի մասին տեղեկատվության միակ աղբյուրը քվեաթերթիկների հերթական խմբաքանակն այրելուց հետո Սիքստինյան կապելլայի վերևում գտնվող ծխնելույզից բարձրացող ծուխն է։ Եթե ծուխը սև է, նշանակում է, որ կոնկլավը չի կարողացել հաղթողին որոշել, և քվեարկությունը շարունակվում է։ Եթե ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս, դա նշան է, որ նոր պոնտիֆիկոս է ընտրվել։
Ինչպե՞ս է հայտարարվում նոր պապի ընտրվելու մասին
Սպիտակ ծխի հայտնվելուց մեկ ժամ անց նոր պապը հայտնվում է Սուրբ Պետրոսի հրապարակից նայող պատշգամբում։
Կոնկլավին մասնակցող ավագ կարդինալը որոշումը հայտարարում է «Հաբեմուս Պապամ» բառերով։ Լատիներենից թարգմանաբար նշանակում է «Մենք հայր ունենք»:
Այնուհետև նա նշում է նոր պապի անունը, որն ընտրվել է իր հովվապետության համար. սա կարող է լինել նրա իրական անունը, կամ՝ նորը:
Օրինակ՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ծնվել է Խորխե Մարիո Բերգոլիո անունով, բայց ընտրել է այլ անուն՝ ի պատիվ Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզեցիի։
Ո՞վ կարող է Հռոմի պապ դառնալ
Տեսականորեն ցանկացած մկրտված կաթոլիկ տղամարդ կարող էր համարվել պապական աթոռի ահավակնորդ: Գործնականում, սակայն, կարդինալները սովորաբար նախընտրում են ընտրել իրենցից մեկը:
Երբ 2013-ին արգենտինացի պապ Ֆրանցիսկոսը ընտրվեց նախորդ կոնկլավում, նա դարձավ պատմության մեջ առաջին պոնտիֆիկոսը Հարավային Ամերիկայից, տարածաշրջան, որը կազմում է աշխարհի կաթոլիկների մոտ 28%-ը:
Բայց ամենից հաճախ կարդինալներն ընտրում են եվրոպացիներին, և հատկապես իտալացիներին:
Մինչ օրս ընտրված 266 Պապերից 217-ը եղել են Իտալիայից։