Երկրապահ կամավորականների միությանը (ԵԿՄ), որի նախագահը Սասուն Միքայելյանն է, կառավարությունը կհատկացնի 234 միլիոն 638 հազար դրամ՝ կազմակերպության 2025 թվականի գործունեությունն ամբողջ ծավալով ապահովելու նպատակով։
Նախագիծը ներկայացվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։
ՊՆ-ի տեղեկացմամբ՝ ԵԿՄ-ն հատկապես 2020 թվականի պատերազմում ունեցել է կարևոր դերակատարություն՝ տալով 74 զոհ և 114 վիրավոր։ Պատերազմից հետո ավելի քան 4000 կամավոր ԵԿՄ անդամ մարտական հերթապահություն են իրականացրել տարբեր սահմանային դիրքերում՝ ՊՆ-ի համակարգմամբ։
Նշվում է, որ ԵԿՄ-ն շարունակաբար համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ աջակցելով նաև ապագա զինվորների դաստիարակության ու պատրաստման գործընթացին։ Կառավարության որոշմամբ կստեղծվի անհրաժեշտ ֆինանսական հիմք՝ կազմակերպության գործունեության շարունակականությունն ապահովելու համար։