Այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով «Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ին կհատկացվի 20 հազար դոլար՝ միջազգային կարևոր միջոցառման կազմակերպման նպատակով։
Խոսքը «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովի մասին է, որի շրջանակում Հայաստան կժամանեն աշխարհի տարբեր գիտական կենտրոնների ներկայացուցիչներ։
Բյուրականի աստղադիտարանը դրամաշնորհային հայտ է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում և ստացել ֆինանսավորում, որը փոխանցվել է ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական հաշվին։
ՀՀ կառավարության որոշմամբ, այդ գումարը կհատկացվի աստղադիտարանին՝ համաժողովի կազմակերպչական աշխատանքների լիարժեք իրականացման նպատակով։
Նախագծի իրագործմամբ պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը կավելանան շուրջ 7 մլն 693 հազար դրամով։ Համաժողովը ոչ միայն գիտական նշանակություն ունի, այլև հնարավորություն է Հայաստանը դարձնել տարածաշրջանային գիտական կենտրոն և նպաստել հայկական աստղագիտության միջազգային հեղինակության ամրապնդմանը։