ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ Նիդերլանդների Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարար Էպպո Բրուինսն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Երկու երկրների նախարարները դիտել են «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը բացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։
Ցուցահանդեսին ներկայացված են շուրջ յոթ տասնյակ ականատես-վավերագրողների հուշագրություններ, օրագրային գրառումներ, զեկուցագրեր, ֆոտո-դոկումենտալ նյութեր։
Դրանք ներառում են Հայոց ցեղասպանությունը վերապրած և Օսմանյան Թուրքիայից տարբեր պետություններ՝ ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Վենեսուելա, Շվեյցարիա, Շվեդիա, Դանիա, Նորվեգիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Վատիկան, Նիդերլանդներ, Չեխիա, Լեհաստան, Հնդկաստան, Պարսկաստան, Սիրիա գաղթած մեր հայրենակիցների վկայությունները:
«Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչև 2026 թ. ապրիլը: