Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Վարչապետին դիմավորել է Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:
«Մեր աղոթքն է, պարո՛ն վարչապետ, որ Ձեր ծրագրերը՝ խաղաղության և մեր Հայաստանի հարևանների հետ հաշտության, լինեն հաջողությամբ։ Մեր աղոթքն է, որպես եվրոպական երկրների հավատացյալների, քաղաքացիների և առաջնորդի, որ մեր երկիրը դեպի Եվրոպական միության իր քայլերն անի, որովհետև մեր քրիստոնեությունը, իրականության մեջ, եկել է արևմուտքից՝ Տրդատ թագավորը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը:
Համոզված եմ, որ այն քաղաքակրթությունը, որ տեսնում ենք այստեղ, մեր երկրի ապագան այս քրիստոնեական գեղեցիկ միջավայրում է:
Մեր աղոթքն է, որ այդ հաջողությունները լինեն, որ Հայաստանը նույնպես մերձբալթյան երկրների պես, դիցուք Էստոնիայի, կարողանա խաղաղ համագործակցությամբ մեր ժողովրդին լավ, գեղեցիկ ապագա ապահովել:
Թող Տերն օրհնի Հայաստանը, ողջ ավագանին, Ձեզ և բոլոր բարի առաքելությունները: Բարի եկաք»,- նշել է Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: