Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետարանի հրապարակած տվյալները չեն համապատասխանում իրականությանը.Գևորգ Ստեփանյան

07 Ապրիլ, 2025 15:18
Քաղաքապետարանի հրապարակած տվյալները չեն համապատասխանում իրականությանը.Գևորգ Ստեփանյան

Երևանի հանրային տրանսպորտի սակագինը 2025 թվականի փետրվարի 1-ից փոփոխության է ենթարկվել: Հիշեցնենք, որ Երևանցիները սկսել էին բոյկոտել ավագանու այդ որոշումը, ըստ որի՝ Երևանի հանրային տրանսպորտից օգտվողները 1 ուղևորության համար պետք է վճարեին 150 դրամ:


Այդ ժամանակահատվածում ակտիվ բողոքի ակցիաներ էին իրականացնում «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները: Shabat.news-ի հետ զրույցում «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը նշեց, որ այն թվերը, որոնք այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հրապարակվել են քաղաքապետարանի կողմից, չեն համապատասխանում իրականությանը:


«Եթե մարդիկ վճարում են, ապա կառավարությունը ինչու է ուզում ընդունել նոր օրենք, ըստ որի՝ այն քաղաքացիները, ովքեր չեն վճարի տրանսպորտի գումարը, կտուգանվեն 15․000 դրամով»,- ասաց նա:


Հարցին՝ արդյո՞ք բոյկոտը շարունակվում է, Ստեփանյանն ասաց. «Այո, երեկոյան ժամերին դա ավելի ակնառու է: Մարդիկ հիմա էլ չեն վճարում, բոյկոտը չի ավարտվել, յուրաքանչյուրը բոյկոտում է իր մեթոդով, իհարկե՝ առանց ընդհարումների»:


Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրառում էր արել, որ հասարակական տրանսպորտում կլինեն նաև հսկիչներ:
Ավագանու ընդդիմադիր անդամը նշեց, որ հսկիչներ չեն եղել հասարակական տրանսպորտում, նրանք քաղաքապետարանի աշխատակիցներն են եղել: «Հսկիչներ երբևէ չեն եղել, սկզբում քաղաքապետարանի աշխատողներին ստիպում էին մտնել ավտոբուսներ, բայց դա էլ չաշխատեց: Այժմ ուզում են քաղաքացիների վճարած հարկերով հսկիչներ բերել, և այդ նույն հսկիչները պետք է տուգանեն քաղաքացիներին»:


Եզրափակելով խոսքը՝ Գևորգ Ստեփանյանը ընդգծեց, որ այն թվերը, որոնք պարբերաբար հրապարակվում են, չեն համապատասխանում իրականությանը:
Նա հավելեց, որ քաղաքապետարանի պատասխանատուները, հանձինս քաղաքապետ Տիգրան Ավինյանի, հասարակությանը խափում են: «Թող շարունակեն այդպես, մինչև քաղաքապետ Տիգրան Ավինյանը կստանա այն հաղորդագրությունը, որը ստացել են իր կուսակցիները»,- եզրափակեց ավագանին:

Լրահոս

Դիտել ավելին