Կարևոր իրադարձություններ

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյան

11 Ապրիլ, 2025 10:06
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով։

Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Միջոցառման նպատակն է պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես ապահովել և խթանել մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի զինված ուժերում:

Պաշտպանը կարևորել է Ազգային ժողովի և Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում շարունակում են իրականացվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր մի շարք ծրագրեր։ Իր խոսքում Անահիտ Մանասյանը նշել է, որ զինված ուժերում և, ընդհանրապես, անվտանգության ոլորտում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող խնդիրներն իր մշտական առաջնահերթություններից են: Այս համատեքստում ընդգծել է՝ ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում:

«Ինձ հասցեագրված անհատական բողոքները, թեժ գծին ստացվող ահազանգերը, զորամասեր և զինվորական այլ հիմնարկներ մշտադիտարկման նպատակով մեր այցերը, ինչպես նաև զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների հետ պարբերաբար շփումները հնարավորություն են տալիս վեր հանել համակարգային ու ընթացիկ խնդիրները և դրանք դարձնել քննարկումների առարկա։ Մենք չենք խոսում միայն խնդիրների մասին, այլ առաջարկում ենք նաև դրանց լուծման մեխանիզմներ: Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում մշտապես ցուցաբերում ենք պրոակտիվ մոտեցում», - ասել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ինչպես անձամբ, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցեր են իրականացնում ԱԱԾ սահմանապահ զորքեր, ՊՆ զորամասեր, զինկոմիսարիատներ, հոսպիտալներ, մարտական դիրքեր, ներկա են լինում բժշկական հանձնաժողովների նիստերին:

Բացի այդ, աշխատակազմում գործում է մասնագիտական ստորաբաժանումը` Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը:

Միաժամանակ, ոլորտային կարևոր ու աջակցող մարմին է ՄԻՊ առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհուրդը, որի կազմում ներգրավված են քաղհասարակության ներկայացուցիչներ, փաստաբաններ, ոլորտին ծանոթ այլ փորձագետներ:

Լրահոս

Դիտել ավելին