Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին։
Հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների մասնակցությամբ պանելային քննարկման ժամանակ։
Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:
«Վրաստանն այդ ձևաչափի մաս չէ, սակայն համագործակցում է բոլոր հարևանների հետ... կա պատճառ, որ մենք չենք կարող և չենք դիտարկում այդ ձևաչափի մաս դառնալու հարցը»,- ասել է Բոճորիշվիլին։
Նա նշել է, որ Թբիլիսին համագործակցում է տարածաշրջանի բոլոր երկրների հետ և անկեղծորեն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմամբ:
Բոճորիշվիլիի խոսքով՝ խաղաղ և անվտանգ Հարավային Կովկասը Վրաստանի համար առաջնահերթությունէ: Նախարարը կարծում է, որ տարածաշրջանը հսկայական ներուժ ունի, և դրա օգտագործման համար անհրաժեշտ է երկարատև և կայուն խաղաղություն:
Այս կապակցությամբ նա հայտարարել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը` դա համարելով մեծ ձեռքբերում:
«Վրաստանն այն երկիրն է, որին կարող են ապավինել և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը` համոզված լինելով, որ մեր տարածաշրջանում երկխոսությանն ու համագործակցությանը նպաստելու համար կապահովենք անհրաժեշտ ամեն ինչ»,– ասել է Բոճորիշվիլին: