Պեկինը ապրիլի 18-ին հերքել է Կիևի մեղադրանքները, որ Չինաստանը զենք է մատակարարում Ռուսաստանին, որը շարունակում է իր լայնածավալ հարձակումներն Ուկրաինայի վրա։
ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ծյանի խոսքով՝ Չինաստանը երբեք մահացու զենք չի մատակարարել հակամարտող կողմերից որևէ մեկին։ «Միաժամանակ, բոլոր կրկնակի նշանակության ապրանքները, որոնք կարող են օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով, ենթարկվում են խիստ վերահսկողության»,- ընդգծել է նախարարության խոսնակը:
Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է. «Մենք կարծում ենք, որ Չինաստանի ներկայացուցիչները զբաղվում են Ռուսաստանի տարածքում զենքի արտադրությամբ»: Ուկրաինայի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով պատժամիջոցներ են սահմանվել չինական երեք ընկերության նկատմամբ: