Կյանքից հեռացել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբաններից Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
«Ի Տեր ննջեց Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը
Խոր ցավով հայտնում ենք, որ փետրվարի 20-ին, կյանքի 85 տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբաններից Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են բարեհիշատակ Սրբազան Հոր մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար:
Փետրվարի 23-ին, ժամը 17:00-ին Սուրբ Գայանե վանքում տեղի կունենա Եկեղեցու կարգը, իսկ փետրվարի 24-ին, ժամը 11:00-ին, հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի հանգուցյալ Սրբազանի վերջին օծումը, ապա՝ հուղարկավորության արարողությունը:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի: