Ֆրանսիական Նիսում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Այդ մասին հայտնում է Le Figaro-ն: Ավելի վաղ հաղորդվել էր 80 զոհի մասին: Վիրավոր է ավելի քան 120 մարդ, 18-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, վկայակոչելով հետաքննությանը մոտ աղբյուրի, ահաբեկչություն կատարած անձի ինքնությունը հաստատվել է: Նա ծագմամբ Թունիսից 31-ամյա ֆրանսիացի է:
Ավելի վաղ տեղական Nice Matin թերթը հայտնել է, որ բեռնատարի վարորդը Նիսում ապրող 31-ամյա թունիսցի է եղել:
Գործակալությունը նաև հայտնում է, որ ահաբեկչության հեղինակը նախկինում հայտնի է եղել ոստիկաններին, սակայն հետախուզական ծառայությունները նրա մասին չեն իմացել:
Գործակալության տեղեկություններով՝ կասկածյալը ներգրավված է եղել քրեական գործերում, որոնք մասնավորապես կապված էին գողությունների և խուլիգանության հետ:
Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին` Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտելու:
Ականատեսների համաձայն՝ բեռնատարն անդադար զիգզագաձև շարժումներով վրաերթի է ենթարկել մարդկանց 2 կմ շարունակ: Նա նաև կրակել է ամբոխի ուղղությամբ: Հարձակվողը չեզոքացվել է ոստիկանության ուժերի կողմից:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Նիսում արյունալի հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին, վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներում չհաստատված տվյալները, իր պաշտոնական կայքում գրում է բրիտանական The Daily Mail-ը:
























