Կարևոր իրադարձություններ

Հարազատները սպասում են վթարի զոհերին ու վիրավորներին տեղափոխող օդանավի ժամանմանը (լուսանկարներ)

05 Նոյեմբեր, 2015 22:02
Հարազատները սպասում են վթարի զոհերին ու վիրավորներին տեղափոխող օդանավի ժամանմանը (լուսանկարներ)

News.am-ը գրում է.

Մոսկվա–Երեւան երթուղու ավտոբուսի վթարի հետեւանքով նոյեմբերի 3–ին Տուլայի մոտ զոհված ութ ուղեւորների հարազատները Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում հավաքված սպասում են իրենց հարազատների դիերը տեղափոխող` ՌԴ ԱԻՆ օդանավի ժամանմանը։

Սպասվում է, որ օդանավը վայրէջք կկատարի ժամը 21։30–ի սահմանում, սակայն հարազատները ժամեր առաջ արդեն օդանավակայանի սպասասրահում էին։

Վթարից զոհված 34–ամյա գեղամավանցի Հրաչ Բադալյանի հորեղբայրը` Ֆրունզ Բադալյանը նշեց, որ մինչեւ հիմա շոկի մեջ են։ Դեպքից հետո երկար ժամանակ չէին համարձակվում բարեկամներին հայտնել բոթը։

Հրաչի երեքամյա դստերը այդպես էլ մինչեւ հիմա ոչինչ չեն ասել, աղջիկը ամեն օր հոր մասին է հարցնում։

«Ամեն օր ասում ա, էսօր պապաս գալո՞ւ ա, բոլորին հարցնում ա, ինչո՞ւ եք լացում»,– արցունքն աչքերին պատմեց Հրաչի հորեղբայրը։

Հրաչը ՌԴ էր մեկնել տուն գնելու համար գումար աշխատելու նպատակով։ Կինը երկրորդ երեխային էր սպասում, հին տանը եղբոր ընտանիքի հետ էին ապրում, տեղ չկար։

Վթարից զոհված Արտաշես Հովհաննիսյանի հարազատներից Վանիկ Հարությունյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ ինքը հավասարապես ցավում է բոլոր զոհերի համար, ու բոլորի վիշտը նաեւ իրենն է։

«Սա մեր ամբողջ ազգի վիշտն է, ոչ թե միայն հարազատներինը»,– ասաց նա։

Դիլիջանցի Հակոբ Ալիխանյանի հարազատները ասացին, որ Հակոբը վերջերս էր թոռնիկ ունեցել, որին իր անունն էին տվել, ու նա այնքան էր ուրախացել, որ որոշել էր այլեւս Ռուսաստան չգնալ, թոռնիկի կողքին լինել, նրան մեծացնել։ Հարազատները նաեւ զարմացած են, որ նա որոշել էր այս անգամ ավտոբուսով Հայաստան վերադառնալ, թեեւ միշտ ինքնաթիռով էր գալիս։ Ենթադրում են, որ վերջին պահին է միտքը փոխել` Եգիպտոսում ռուսական օդանավի կործանումից հետո վախենալով իր անվտանգության համար։

Սպասասրահում հիմնականում տղամարդիկ են, բացի զոհվածների հարազատներից նաեւ մեծ թվով համագյուղացիներ կան, բոլորը զոհվածները մարզերից են, բոլորը ՌԴ էին մեկնել արտագնա աշխատանքի։

Օդանավակայանի մոտ այս պահին մեծ թվով «Շտապօգնության» մեքենաներ կան, ոստիկաններ, ՀՀ փոխոստիկանապետ, գնդապետ Սամվել Հովհաննիսյանը։

Քիչ անց Երեւան ժամանող օդանավը բացի ութ զոհերի մարմիններից տեղափոխում է նաեւ ծանր վիրավորներին, մյուս ուղեւորներին։

Շարունակությունը` այստեղ:

Լրահոս

Դիտել ավելին