Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված սերժանտ Ադամ Սահակյանի ծննդյան օրն է, նա կդառնար 20 տարեկան:
2013թ. Ադամ Սահակյանը ավարտել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցը և ընդունվել Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։
Ադմաը զբաղվել է սպորտով՝ կարատե և ստացել դեղին գոտի։ Զբաղվել է նաև մարտարվեստի այլ տեսակներով ,այդ թվում՝ բռնցքամարտով:
Ադամ Սահակյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2014/2 զորակոչով Կենտրոնի Զինկոմիսարիատից։ 2015 թվականի հունվարի 26-ին զորակոչվել է բանակ։ Ծառայում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել էր սերժանտի կոչում։
Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր, ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը ժամը 3։00-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը ։Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի(<<Լալայկա>> կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության։ Ադամը գործել էր ըստ մարտական հաշվարկի և դրա շնորհիվ է, որ հակառակորդը 4-5 ժամ չէր կարողանում գրավել դիրքը։Արդյունքում Սերժանտ Ադամ Սահակյանը իր զինակից ընկերների հետ կոտրել է հակառակորդի ողնաշարը՝հասցնելով նրան զգալի կորուստներ(200-ից ավելի սպանված հատուկջոկատային),կանխելով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը,տապալելով հակառակորդի մշակած՝ կայծակնային պատերազմի միջոցով ԼՂՀ- ին արագ պարտության մատնելու ծրագիրը։ Ադամը զոհվում է մարմնին ու դեմքին ստացած ծանր հրազենային և բեկորային վիրավորումներից:
Ապրիլի 13-ին տեղի ունեցավ Ադամ Սահակյանի հուղարկավորությունը Եռաբլուր զինվորական պանթեոնում:
2016 թվականի ապրիլի 10-ին Ադամ Սահակյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։
2016 թվականի մայիսի 28-ին Ադամը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով։
Ադամի հետ հարազատները վերջին անգամ խոսել են ապրլի 1-ի երեկոյան: Նրա մորեղբայրը՝ Սերգեյ Հակոբյանի խոսքով՝ երբ վերջապես ծնողներին հաջողվել է կապ հաստատել որդու հետ ու ծնողական խորհուրդներ տալ, որ զգույշ լինի, Ադամը պատասխանել է. «Մենք կանգնած ենք այստեղ, մեր գործն ենք անում»:
Այսօր՝ օգոստոսի 19-ին, Եռաբլուր պանթեոնի Սրբոց Նահատակաց եկեղեցում տեղի է ունենալու Ադամ Սահակյանի տարեդարձին նվիրված միջոցառում և խնկարկման արարողակարգ, այնուհետեւ Խաչիկ Դաշտենցի անվ. թիվ 114 միջն. դպրոցի Ադամ Սահակյանի անունը կրող և հիմնովին վերանորոգված դասարանում տեղի կունենա գրական ցերեկույթ, որին կմասնակցեն նաև նրա ընտանիքի անդամները: