Lragir.am-ը գրում է.
Կոմերսանտ թերթը հոդված է հրապարակել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի Երեւան կատարած այցի արդյունքների վերաբերյալ, որում անդրադառնում է «ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագրի» հանդեպ Հայաստանի ու Ադրբեջանի վերաբերմունքին:
«Բանակցություններին մոտ կանգնած ռուսական աղբյուրի տվյալներով, խաղաղ ծրագրի տարբերակներից մեկը, որը ներկայում քննարկվում է, հետեւյալն է՝ հայերն Ադրբեջանին են վերադարձնում Ղարաբաղի շուրջ իրենց զավթած ադրբեջանական տարածքների մեծ մասի վերահսկողությունը, պահելով Լաչինի միջանցքը, որն ապահովում է Հայաստանի հետ կապը, եւ հնարավոր է եւս մեկը: Բաքուն պաշտոնապես չի ճանաչում Ղարաբաղի անջատումը, սակայն, ծրագրի համաձայն, պարտավորվում է հարցը չլուծել ռազմական ճանապարհով: Դրա երաշխիք կարող էր լինել միջազգային խաղաղարարների (ՄԱԿ, ՀԱՊԿ) տեղակայումը հակամարտության գոտում, ինչպես նաեւ Ադրբեջանին վերադարձված շրջանների ապառազմականացումը», գրում է Կոմերսանտը:
Այն մասին, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը «ղարաբաղյան կարգավորման» նման ծրագիր են մշակել, փորձագետները վաղուց են գրում: Ընդ որում, ռուս փորձագետներն այս ծրագիրը ներկայացնում են որպես բարիք հայկական կողմի համար, հայտարարելով, թե խոսքը ընդամենը մի քանի շրջանների մասին է:
Պետք է հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը կազմում է մոտ 12 հազար քկմ, որից 4,3-ը նախկին ԼՂԻՄ տարածքն է: Այսինքն, ռուս-ադրբեջանական ծրագիրը ենթադրում է Ադրբեջանին ԼՂՀ-ի մեծ մասի հանձնումը ռուսական զորքի տեղակայման դիմաց: Այսինքն, խոսքը Ղարաբաղը հանձնելու մասին է:
Հայկական ժամանակ թերթը գրել է, որ Լավրովի այցի ժամանակ այս տարբերակը քննարկվել է: Այս համատեքստում հասկանալի է դառնում, թե ինչու է այցը տեղի ունեցել հենց այժմ: Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում տեղի են ունեցել խորհրդարանի ընտրություններ, որին աջակցել են միայն Ռուսաստանն ու Թուրքիան:
Մինչ ընտրությունները Լավրովն այցելել է Բաքու եւ երեւում է երաշխիքներ է տվել Ալիեւին: Դրա դիմաց Ալիեւը պետք է համաձայնություն տար Ղարաբաղում ռուսական զորքի տեղակայմանը: Երեւում է նա համաձայնվել է: Եվ Լավրովը եկել է պայմանավորվելու Սերժ Սարգսյանի հետ:
Սարգսյանի համար սա ամենաանհարմար պահն է, սակայն ամենահարմարը Ռուսաստանի համար: Դեկտեմբերի 6-ին պետք է տեղի ունենա Սահմանադրության փոփոխության հանրաքվեն: 168 ժամ թերթը գրում է, որ եթե Սարգսյանը Ղարաբաղի հարցում զիջումների չգնա Ռուսաստանին, Մոսկվան կարող է հեղաշրջում կազմակերպել Հայաստանում, փողոց հանելով մարդկանց ու տապալելով հանրաքվեն:
Հանրաքվեն Սերժ Սարգսյանի համար, անկասկած, չունի այնքան կարեւոր նշանակություն, որքան խորհրդարանի ընտրությունն Ալիեւի համար: Սակայն ակնհայտ է, որ Մոսկվան խաղադրույք է կատարում նախագահների անձնական իշխանության վրա, տալով որոշակի երաշխիքներ:
Կշեռքի մի նժարին Ղարաբաղն է, մյուսին՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը: Ռուսաստանը հմտորեն մանիպուլյացիա է անում հերթական անգամ: Սակայն ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն իշխանությունը կարող է պահել՝ միայն մերժելով այդ ծրագիրը: