Ֆեյսբուքում ամենաակտիվ նախարար, հետո երգահան, հիմա էլ հաղորդավար, հետաքրքրիր է՝ էլ ի՞նչ կարելի է սպասել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից, ով թողել է կրթության ոլորտում առկա խնդիրներն ու ինքն իրեն ներկայացնում է որպես հաղորդավար:
Հանրային հեռուստաընկերությունը նոր հաղորդում է թողարկել՝ Եռանկյունի անվանումով, որի առաջին եթերը նվիրված էր սահամանդրական բարեփոխումների հանրաքվեին: Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այդ հաղորդման հյուրերից մեկն էր:
Հաղորդման ժամանակ Արմեն Աշոտյանը ցանկացած պահին զրկում էր հյուրին ձայնի իրավունքից, որի հետ, սակայն Արմեն Մարտիրոսյանը չհամաձայնվեց, ասելով. «Ցավոք սրտի ոչ առաջին, ոչ էլ վերջին հաղորդումն էր, որին մասնակցում էի: Ավելի կողմնակալ հաղորդումների էլ էի մասնակցել, զարմանալու որևէ բան չկար: Ոչ թե ձայնի իրավունքից զրկում էր, այլ ընդհատում էր, որը թույլ չէր տալիս ամբողջ ծավալով պատասխանել, բայց ասեմ, ես ավելի ամուր հաղորդումների էլ եմ մասնակցել: Ինչը որ ես տեսել եմ փառք է, նրանց համեմատ»,-Shabat.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Մեր դիտարկմանը, թե Աշոտյանի հարցերը սադրիչ համարում է պատասխանեց. «Ես ընդհանրապես որևէ հաղորդավարի հարց սադրիչ չեմ համարել: Ես միշտ մի բանաձևով եմ առաջնորդվել, որ հաղորդավարը իրավունք ունի ցանկացած հարց տալ, ես էլ պետք է պատասխանեմ: Ամբողջ խնդիրն այն է, որ պետք է թողնեն, որ պատասխանես»:
Հարցին, թե նորմա՞լ է, որ նախարարը հաղորդում է վարում Մարտիրոսյանը պատասխանեց. «Մեր երկրում այնքան աննորմալ բաներ են լինում, որ նախարարի հաղորդում վարելը էքստրաօրդինալ վիճակ չէ»: