Կարևոր իրադարձություններ

Սթրեսի մեջ եմ այդ մահվան պատճառով, բայց անպայման նորից կաշխատեմ. 2 հետիոտնի վրաերթի ենթարկած տրոլեյբուսի կին վարորդը մանրամասներ է պատմում

16 Հունվար, 2016 16:39
Սթրեսի մեջ եմ այդ մահվան պատճառով, բայց անպայման նորից կաշխատեմ. 2 հետիոտնի վրաերթի ենթարկած տրոլեյբուսի կին վարորդը մանրամասներ է պատմում

2015թ.-ի դեկտեմբերի 23-ին, Կոմիտասի պողոտայում՝ շուկայի մոտ, 2 հետիոտնի է վրաերթի ենթարկած 10 համարի տրոլեյբուսի վարորդ Էլմիրա Մանյանը Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդն է, ով 35 տարվա աշխատանքային փորձ ունի:

Shabat.am-ին հաջողվել է վթարից հետո առաջին անգամ զրուցել նրա հետ և պարզել թե ինչ է փոխվել դրանից հետո:

«Ինձ մոտ տարբերություն իհարկե կա, բայց ոչ այն պահով, որ ես էլ չեմ աշխատի կամ կվախենամ աշխատել: Ես մեքենայից չեմ վախենում, իմ մեքենան նորմալ մեքենա է եղել: Մեքենան պահի տակ կանգնացնել, կառավարել ես չեմ վախենում, ուղղակի դեռ սթրեսի մեջ եմ այդ մահվան պատճառով, չնայած, որ դա իմ մեղքով չի եղել, մեծ մեղավորությունն իրենցն է, իրենք այդտեղից պետք է չանցնեին »,-մեզ հետ զրույցում ասաց տիկին Էլմիրան:

Նա նկատեց, որ  հենց այդ վայրում էլ կա տեսախցիկ և նշան, որ ցույց է տալիս ստորգետնյա անցում, իսկ մի փոքր վերև կա նաև անցում:

Նրա խոսքով, վթարի օրը ամեն ինչ սովորականի նման էր, ոչ մի արտասավորո բան չկար. «Ամեն  ինչ նորմալ էր, սովորական օր էր, ամեն օրվա ուղևորներն են եղել: Նույնիսկ երբ դեպքը տեղի ունեցավ, երբ ես իհարկե կանգնեցի, իջա, դռները բացեցի ու ասացի՝ ժողովուրդ վթար է եղել, մարդ եմ խփել, իջեք տեսեք ինչով եք գնալու… ինչ գնալ, ինչ բան, մարդիկ կանգնեցին այդ վթարի տեղում ու նույնիսկ մի կին այնպես մի բարձր ձայնով լացակումած գոռում էր՝ նրան ինքը չի խփել, դե դուք փորձեք իրեն մեղադրել: Իր բառերն եմ ասում:  Ասում էի՝ խնդրում էլի գնացեք, ավելի մի բարդացրեք իրավիճակը, ինչ կլինի հետո, ես չգիտեմ, բայց գնացեք ժողովուրդ ջան, շնորհակալ եմ, որ օգնում եք, գնացեք…»:

35 տարվա վարորդը չի կարող առանց իր աշխատանքի, մեզ հետ զրույցում նա խոստովանեց, որ կարոտում է տրոլեյբուսը և միտք հայտնեց, որ անպայման նորից կաշխատի:

 «Ես նորից կաշխատեմ, իհարկե մահ է եղել, մարդկային զոհ է եղել, դա ինչ  խոսք, ինձ վրա ազդել է, բայց որ ես չաշխտաեմ…դե որ չաշխատեմ, ոնց ապրեմ…»,-ասաց նա, հավելելով, որ իր ուղևորները պահանջում են իր վերադարձը:

«Իմ ուղևորները պահանջում են, որ ես հետ գամ…Ես տանից համարյա դրա համար դուրս չեմ գալիս, ոչ թե չեմ ուզում հանդիպել իրենց հետ, ուղղակի ես չեմ ուզում դա նորից ապրել… Մեկը  չկա, որ ինձ ասի՝ գիտեք ինչ,Դուք էիք էլի դե մեղավոր, այդպիսի բան ասող չկա,..Ասում են՝ մենք Ձեր կողմից ենք, Աստված Ձեզ պահապան, մենք Ձեզ սպասում ենք, աշխատեք այնպես լինի, որ մենք Ձեզ նորից տեսնենք»,-պատմեց տիկին Էլմիրան, ով հիմա սպասում է դատական նիստին, որից հետո էլ նոր պարզ կդառնա ամեն ինչ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ.-ի դեկտեմբերի 23-ին, Կոմիտասի պողոտայում՝ շուկայի մոտ, 2 հետիոտն վրաերթի է ենթարկվել:

 Վրաերթի հետևանքով կանանցից մեկը տեղում մահացել էր, իսկ մյուսը  տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածների խոսքով՝ վրաերթի ենթարկվածները թիվ 37 երթուղային տաքսու միջից են իջել և փողոցը չթույլատրելի հատվածով անցել են, ինչից հետո էլ տեղի է ունեցել վրաերթը՝ այն դեպքում, երբ կանգառի մոտ կա ստորգետնյա անցում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին