Կարևոր իրադարձություններ

Հայաստանցի երիտասարդները կասկածվում են ստամբուլահայ տարեց ամուսիններին ավազակային հարձակման ենթարկելու և սպանության մեջ (տեսանյութ)

11 Փետրվար, 2016 17:15
Հայաստանցի երիտասարդները կասկածվում են ստամբուլահայ տարեց ամուսիններին ավազակային հարձակման ենթարկելու և սպանության մեջ (տեսանյութ)

 

 
 Հայաստանցի երիտասարդները կասկածվում են ստամբուլահայ տարեց ամուսիններին ավազակային հարձակման ենթարկելու և սպանության մեջ

Ստամբուլի Շիշլի թաղամասում անցած շաբաթ հայազգի տարեց ամուսինների տունը թալանելու ու ամուսնուն սպանելու մեջ կասկածվողները հայեր են՝ հիմնականում ՀՀ քաղաքացիներ։ Հանցագործները կապկպելով՝ սպանել էին 85-ամյա ոսկերիչ Հակոբ Դեմիրջիին, վնասվածք հասցրել կնոջը՝ Սեդա Դեմիրջիին։ Այս մասին հայտնում է Sabah պարբերականի կայքը։

Հաղորդվում է, որ ամուսինների տնից գողացել են 1 մլն լիրա արժողությամբ զարդեր և գումար։ Ութ հոգանոց խումբը ձերբակալվել է Տրապիզոնում՝ դեպքից 4 օր անց։ Ինչպես պարզվել է՝ նրանք պատրաստվում էին կեղծ անձնագրերով Վրաստանով փախչել Հայաստան։ Տրապիզոնում նրանց վարձակալած տանը հայտնաբերվել են իրեղեն ապացույցներ՝ Հակոբ Դեմիրջիին պատկանող ձեռքի ժամացույցն ու 10 հազար դոլար։

Նախնական վարկածով՝ կողոպուտի նախաձեռնողը եղել է Դեմիրջիների տանն աշխատող հայուհին։ Նա զանգահարել է Հայաստանում գտնվող իր ազգականներին ու կանչել թալանի։ Հենց նա էլ բացել է դուռը հանցագործների առաջ։

Ձերբակալված կասկածյալներից 5-ը կանայք են՝ հիմնականում ՀՀ քաղաքացիներ, ինչպես նաև ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիներ։

Սպանված Հակոբ Դեմիրջիին հուղարկավորել են երեկ։

Դեպքի մասին առաջինն ահազանգել է նրանց տան աշխատողը, ով գնացել է զույգի տուն, սակայն դուռը բացող չի եղել: Նա դիմել է զույգի ազգականներին, որոնք էլ զանգահարել են ու, պատասխան չստանալով, դիմել են ոստիկանություն: Նշվում է, որ տարածքի տեսահսկման խցիկները մեծ դեր են ունեցել հանցագործների հետքի վրա դուրս գալու գործում։

Ոստիկաններն ու փրկարարները երրորդ հարկի պատուհանից մտել են տուն ու զույգին գտել կապկպած բերաններով: 79-ամյա կինը դեռ ողջ է եղել, և փրկարարները նրան տեղափոխել են հիվանդանոց: Տղամարդն արդեն մահացած էր:

ՀՀ արտգործնախարարությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա հարձակմանը մեղսակցություն ունենալու կասկածանքով ձերբակալվածների թվում, նախնական տվյալներով, կան ՀՀ քաղաքացիներ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին