Այսօր՝ օգոստոսի 9-ին, Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունենում «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի կալանքի բողոքարկման գործով դատական նիստը: Նսիտը սկսելուց առաջ Հովհաննես Հարությունյանի քույրը՝ Թամարա Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եղբայրը Հայաստան է եկել ապրիլի 8-ին:
«Ապրիլի 8-ին եկավ, որ դիրքեր գնա, փնտրում էր Մոնթեի ընկերներին, գտավ: Եռաբլուրում Մոնթեի քարը համբուրեց, ասաց՝ ես քո կենացը չեմ խմելու, քո գործն եմ շարունակելու»,-պատմեց քույրը:
Նա նշեց, որ եղբորը հիմա վիրահատություն է անհրաժեշտ. «Ինքը երբ դուրս է եկել ավտոյից, վազել, ոտքը համ հետ է ծալվել, համ առաջ, հիմա ծնկի վիրահատություն է անհրաժեշտ: Սկզբից սոսկալի ցավեր ուներ ոտքի, գիշերը շիշ էր շպրտում ժամերով, որ գային գոնե, մի երկու ժամ հետո նոր գալիս էին, դեղ էին բերում»:
Խոսելով իր ակնկալիքների մասին, Թամարա Հովհաննիսյանը նշեց. «Արդարությունը հո չի մեռնի՝ էդ անտեր մնացածը»:
Նրա խոսքով, ինքը գործողությունների առաջին օրվանից եղբոր հետ կապի մեջ է եղել. «Ինքը զանգելա ժամը 6-ին, ասել, որ գրավել են, ասել՝ մենք մերն արեցինք, հիմա էլ դուք ձերն արեք, այսինքն հավանքեր, ցույցեր»:
Կարինա Սահակյան