Մեր տեղեկություններով, նախորդ օրն «անտեսանելի այցով» ԱԺ-ում է եղել ԼՂ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, որն այստեղ է եկել անմիջապես Մոսկվայում կազմակերպված «Արցախյան օրերի» միջոցառումներից հետո: Նրան դիմավորել եւ ճանապարհել է ՄԻԱԿ ներկայացուցիչ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:
Մեր տեղեկություններով, այցը վերաբերել է ԵԽԽՎ-ում Ռոբերտ Ուոլթերի խայտառակ զեկույցին, որի առնչությամբ հայկական կողմը թեեւ ունեցել է «պահեստային» տարբերակ, ինչը չի աշխատել, որովհետեւ ԼՂ եւ ՀՀ կողմերը կարծես սինխրոն չեն գործել, եւ նամակը, որ պետք է ուշ հասցեագրվեր Ուոլթերին, ինչից հետո նա չէր կարողանա զեկույց պատրաստել, շուտ է ուղարկվել Ղարաբաղից: Ինչո՞ւ էր, բոլոր դեպքերում, եկել Կարեն Միրզոյանը, Նաիրա Արտաշեսովնային հարցրինք մենք։ «Կարեն Միրզոյանի հետ ես ունեմ ջերմ ընկերական հարաբերություններ, որպես արեւելագետներ, մենք բավականին հաճախ ենք շփվում. այդ մի անգամ շփումը տեղի ունեցավ ԱԺ շենքում, եւ որեւէ արտառոց բան չկար, սուրճ ենք խմել եւ մի թեթեւ զրուցել ենք վերջին զարգացումների մասին»:
Այսինքն՝ խնդիրը չի՞ վերաբերել Ուոլթերի զեկույցին: «Վերաբերել է ԵԽԽՎ-ում մեր ընդհանուր աշխատանքներին, այդ թվում եւ Սարսանգի ջրամբարի սպասվելիք զեկույցին. այդքանը, ուրիշ ոչինչ»: