Հունիսի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից համատեղ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը:
Նախարար Միրզոյանի բացման խոսքը ներկայացված է ստորև․
«Բարձր ներկայացուցիչ տիկին Կալաս,
Հարգելի՛ գործընկերներ,
Շատ ուրախ եմ Ձեզ հետ համատեղ ազդարարել Հայաստանի և Եվրոպական միության միջև Անվտանգության և պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների անդրանիկ նիստը:
Այս հանգրվանն ընդգծում է Եվրոպական միության հետ գործընկերությունը խորացնելու Հայաստանի անսասան հանձնառությունը, ինչպես նաև այն խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը, ժողովրդավարական հիմնարար արժեքներին և օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքներին մեր միասնական հանձնառության արտահայտությունն է:
Ինչպես գիտեք, ժողովրդավարությունը մեզ համար պարզապես քաղաքական համակարգ չէ. այն մեր ինքնիշխանության հիմնաքարն է, դիմակայունության հիմքը և ապագայի առանցքային ուղենիշը:
Մեր հանդիպումը տեղի է ունենում համաշխարհային և տարածաշրջանային ինտենսիվ տրանֆորմացիայի ժամանակահատվածում: Ձևավորված անվտանգային ճարտարապետությունը բախվում է աննախադեպ մարտահրավերների: Այս միջավայրում Հայաստանն իր անվտանգային համագործակցությունը դիվերսիֆիկացնելու համարձակ քայլեր է իրականացնում:
Մենք վճռականորեն հեռվանում ենք միակողմանի անվտանգային և պաշտպանական կախվածությունից։ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը նշանակալի դեր ունի այս ջանքերն իրագործելու ճանապարհին, և այսօրվա խորհրդակցություններն այս դիվերսիֆիկացիայի ռազմավարության կենսական բաղադրիչ են:
Հայաստանը կարևորում է մեր ջանքերին աջակցելու հարցում ԵՄ փորձառությունը՝ միտված մեր քաղաքացիների կողմից վստահության ամրապնդմանը, ինչպես նաև դիմակայուն անվտանգային ոլորտի կառուցմանը:
Մենք նաև տեսնում ենք առավել խորը համագործակցության հսկայական ներուժ Եվրոպական պետությունների, կայուն ժողովրդավարությունների հետ, որոնք տարածաշրջանային անվտանգության հարցում մեծ փորձ ունեն: Այդ նպատակով, մենք ակտիվորեն զարգացնում ենք մեր կապերը ԵՄ առանձին անդամ պետությունների հետ՝ հիմնելով նոր Ռազմավարական Գործընկերություններ:
Վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է:
ԵՄ մշտադիտարկման առաքելությունը բավականին կարևոր կայունացնող գործոն է տարածաշրջանում: Ավելին, մենք շնորհակալ ենք 2024 թ.-ին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցության տրամադրման համար և հոսով ենք ունենալ ձեր շարունակական աջակցությունը նաև 2025 թվականին՝ մեր դիմակայունությունն ավելի ամրապնդելու նպատակով:
Մեր աճող անվտանգային համագործակցության շոշափելի արդյունքն այսօրվա ստորագրած համաձայնագիրն է, որը նախատեսում է Հայաստանի մասնակցությունն Ընդհանուր անվտանգային և պաշտպանական քաղաքականության առաքելություններին:
Մենք հավատում ենք, որ մեր մասնակցությունն այս ճգնաժամային գործողություններին կբարձրացնի Հայաստանի և ԵՄ ինստիտուտների փոխգործակցության մակարդակը և կմոտեցնի մեր մասնագիտական շրջանակներին՝ խթանելով համատեղ անվտանգային մշակույթ:
Մեր համագործակցության հետագա խորացման և մեր անձնակազմերի մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով մենք ցանկանում ենք ուսումնասիրել Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի հետ Հայաստանի համագործակցության հնարավորությունները:
Նմանատիպ համագործակցությունը կապահովի արժեքավոր վերապատրաստում և գիտելիքների փոխանակում՝ մեր անվտանգության և պաշտպանության ոլորտի մասնագետների միջև խթանելով ավելի մեծ փոխըմբռնում և համագործակցության սիներգիա:
Հարգելի՛ գործընկերներ,
Մի ժամանակահատվածում, երբ տեղեկատվությունը դառնում է զենք, Հայաստանը շարունակում է վճռական մնալ ապատեղեկատվության, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտությանը հակազդելու հանձնառության մեջ:
Այս վնասակար գործողություններն ուղիղ սպառնալիք են մեր ժողովրդավարական հասարակությանը, դիմակայունությանը և ինքնիշխանությանը: Ուստի մենք ողջունում ենք ԵՄ աճող ներգրավվածությունն այս առանցքային նշանակություն ունեցող ոլորտում և հակված ենք միավորելու մեր ջանքերը:
Ռազմավարական հաղորդակցության ուղղությամբ մեր համագործակցության ամրապնդումը և մանիպուլյատիվ նարատիվների դեմ հասարակական ու ինստիտուցիոնալ դիմակայունությունն ուժեղացնելը ռազմավարական հրամայական է Հայաստանի և ԵՄ-ի համար: Մենք պատրաստ ենք համագործակցել ԵՄ ինստիտուտների և անդամ պետությունների հետ՝ բարձրացնելու մեդիագրագիտությունն ու հանրային իրազեկվածությունը և կառուցելու ինստիտուցիոնալ կարողություններ:
Մենք նաև տեսնում ենք կիբեռանվտանգության ոլորտում, հիբրիդային սպառնալիքներին հակազդելու և դիմակայության ամրապնդման նպատակով պլանավորման հարցերում համագործակցության ընդլայնման ավելացված արժեքը:
Կիբեռ և հիբրիդային սպառնալիքները հայտնաբերելու, կանխելու և դրանց արձագանքելու հարցում Հայաստանի կարողությունների ուժեղացումն ավելի կամրապնդի մեր համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ անվտանգության և ռազմավարական կանխատեսման սկզբունքների վրա:
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ մեր գործընկերներին նրանց ամուր ներգրավածության և աջակցության համար: Մենք վստահ ենք, որ այսօրվա խորհրդակցությունները կնպաստեն պաշտպանական ու անվտանգային ոլորտներում ավելի մեծ վստահությանն ու համակարգմանը:
Մաղթում եմ ձեզ արդյունավետ և ապագային միտված երկխոսություն, որը կբացի նոր, ռազմավարական էջ մեր համագործակցության մեջ: