Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն (SOCAR) իր ակտիվների վերաբերյալ սեմինար է անցկացրել ԶԼՄ-ների համար։
SOCAR-ի Ռիսկերի կառավարման դեպարտամենտի ղեկավար Բահրուզ Բահրամովը հայտարարել է, որ ընթացիկ տարվա արդյունքներով SOCAR-ի ակտիվները պլանավորվում են 35 միլիարդ դոլարի մակարդակի վրա։
2015 թվականի առաջին երեք եռամսյակների արդյունքներով՝ SOCAR-ի արժութային միջոցների ծավալը նվազել է 2 միլիարդ 567 միլիոն դոլարով՝ կազմելով 34 միլիարդ 738 միլիոն դոլար։ Ընդգծվում է, որ վերջին մեկ տարում SOCAR-ի ակտիվները նվազում են նավթի գնանկման պատճառով։
Հիշեցնենք, որ սրանից առաջ ադրբեջանական մամուլը հայտնել է, որ նավթի գնանկման հետևանքով Ադրբեջանի նավթային եկամուտները պակասել են 8.7 միլիարդ դոլարով։