Հալեպի անվտանգության հետ կապված իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։ Բնակչությունը 26 օր է` զրկված է էլեկտրականությունից, իսկ 7 ամիս`առանց մշտական համացանցային ծառայության է: Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրության փոխանցմամբ՝ ջուրը ժամանակ առ ժամանակ հասանելի է դառնում: Չնայած ներկայում սննդամթերքի եւ վառելանյութի պակասություն չկա, սակայն գործազրկությունը, սղաճն ու պատերազմական պայմանները տնտեսական ծանր պայմաններ են ստեղծել հալեպցիների համար` դժվարացնելով նրանց ապրուստն ու կարիքների ապահովումը։ Սիրիահայության բարեգործական միությունները շարունակում են աջակցել համայնքի բնակիչներին: Այսպիսի պայմաններում համայնքի ազգային, մշակութային, եկեղեցական, կրթական կառույցները գործում են`իրենց շուրջ համախմբելով հատկապես երիտասարդությանը: