Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց արձակված կրակոցների գործով սպանված Արտակ Բուդաղյանի փաստաբանը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ներկայացնելով՝ երկու գանգատ: Թեմայի շուրջ Shabat.am-ը զրուցել է փաստաբան Հայկ Ալումյանի հետ:
-Պարո՛ն Ալումյան, կմանրամասնեք, կոնկրետ ի՞նչ գանգատների մասին է խոսքը:
-ՄԻԵԴ ուղարկվել է երկու գանգատ: Դրանցից առաջինը վերաբերվում է Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն, ինչպես նաև նրան, որ` Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման մեջ քննիչը նրա գործողությունները որակել է որպես հանցագործություն, հաստատված համարելով, որ Ա.Բուդաղյանը կատարել է սպանության փորձ: Երկրորդ գանգատը վերաբերում է Արա Բուդաղյանին կալանավորելուն: Մենք այդ հարցով սպառել ենք ներպետական ատյաններն ու կրկին դիմել ենք ՄԻԵԴ:
-Ի՞նչ ընթացքի մեջ է բողոքը և ե՞րբ է այն քննվելու:
-Առաջին գանգատն արդեն հինգ ամիս է, ինչ գրանցված է, երկրորդը նոր ենք ուղարկել դեռ տեղեկություններ չունենք:
-ՄԻԵԴ-ում որպես դատավոր իր գործունեությունն է ծավալում նաև Արմեն Հարությունյանը, ով ինչպես հայտնի է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարազատներից է: Մտավախությու՞ն չկա, որ խոչընդոտներ կլինեն և բողոքը ինչպես որ հարկն է չի քննվի:
-Որևէ մտավախություն չունեմ, քանի որ ՄԻԵԴ-ը խնամի-բարեկամ-հարևան-ընկեր հարաբերությունների մեջ չի մտնում: Միգուցե, եթե մամուլով չտարածվեր Սուրիկ Խաչատրյանի ու Արմեն Հարությունյանի ազգակցական կապի մասին տեղեկատվությունը, վերջինս փորձեր ինչ-որ կերպ օգնել Սուրիկ Խաչատրյանին, սակայն այժմ, երբ այդ փաստը բոլորին հայտնի է, ես չեմ կարծում, թե նա փորձի միջամտել:
-Արմեն Հարությունյանը հարցազրույցներից մեկում ասել է, որ քննության ժամանակ ինքնաբացարկ կհայտնի: Ինչպե՞ս եք վերաբերում այս հանգամանքին:
-Ես ուրախ կլինեմ, եթե պարոն Ա.Հարությունյանն ինքնաբացարկ հայտնի: