Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր անցկացրեց կլոր սեղանի շուրջ քննարկում՝ «Միջազգային նոր իրադրությունը մերձավորարեւելյան տարածաշրջանում եւ ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով: Հրավիրված էին միջազգային հարցերի փորձագետ-վերլուծաբաններ, դեսպանությունների աշխատակիցներ, քաղաքացիական եւ հանրային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ: Սեմինար-քննարկումը բացեց եւ նրա մասնակիցներին ողջունեց ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը: «Ռուսաստանի ռազմական գործողությունը Սիրիայում եւ ազդեցությունը Մերձավոր Արեւելքում ու դրա շուրջ տարածաշրջանային գործընթացների վրա» թեմայով զեկույց ներկայացրեց քաղաքագիտության դոկտոր, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա, Սիրիայում հակաահաբեկչական գործողություն իրականացնելով, Ռուսաստանը ռազմավարական կարեւորություն ունեցող երկու նպատակ է հետապնդում՝ ա/ աջակցել Ասադի վարչակարգի պահպանմանը եւ բ/ ամրապնդել դիրքերը Սիրիայում: «Որոշակի հաջողություններով հանդերձ՝ ռուսական կողմը՝ չունենալով ցանկալի արդյունքներ օդում, կամ պետք է ռազմական ներուժը տեղափոխի ցամաք, որն առճակատման գլխավոր թատերաբեմն է, կամ էլ դուրս բերի իր զորախմբերը: Կարծում եմ՝ հաջորդ փուլը կլինի ռազմական գործողությունների ուժեղացումը ցամաքում»,- նշեց Մինասյանը: Խոսելով Հայաստանի համար բացասական ազդեցությունների մասին, քաղաքագետն ընդգծեց, որ շարունակվող հակամարտությունը կթուլացնի հարավկովկասյան տարածագոտու նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը, ինչից կարող է օգտվել Ադրբեջանը՝ տարբեր սադրանքներ հրահրելով: Ի հայտ եկած նոր իրողություններում Ռուսաստանի դերի խնդրին անդրադարձավ ՌԱՀՀԿ հետազոտությունների ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ կարծիք հայտնելով, որ միջազգային մեկուսացումից դուրս գալու նպատակով հարկադրաբար սիրիական ճգնաժամի մեջ ներգրավված Ռուսաստանը ակամա դարձել է հակաահաբեկչական պայքարի կարեւոր դերակատար: «Այժմ բոլոր շահագրգիռ երկրների առջեւ Ռուսաստանը պայման է դրել ճշգրտել այն կազմակերպությունների ցուցակները, որոնք պետք է որակվեն իբրեւ ահաբեկչական: Դա տարածաշրջանային պետությունների համար քաղաքական դժվար ընտրություն կատարելու կացություն է ստեղծել»,- նշեց զեկուցողը՝ հավելելով, որ Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախաձեռնությամբ ձեւավորված միջազգային նոր հակաահաբեկչական դաշինքից մեկուսացումն առաջին հերթին սպառնում է Սաուդյան Արաբիային եւ Թուրքիային: Այնուհետեւ հաղորդագրությամբ հանդես եկավ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի հավանությանն արժանացած՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին ու նրանից բխող հնարավոր մարտահրավերներին: Վերջում զեկուցումների շուրջ ծավալվեց կարծիքների աշխույժ փոխանակություն: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը` արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ` ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը: