Azatutyun.am-ը գրում է.
Ուկրաինայում Հայաստանի դեսպանը հերքում է պնդումները, թե ուկրաինացի նախկին պաշտոնյայի առանձնատունն ընտրելով իր նստավայր՝ ապահովել է վերջինիս ունեցվածքի անձեռնմխելիությունը։
«Ես ի՞նչ կապ ունեմ այդ տան հետ։ Ես նախ այդ մարդուն չեմ ճանաչել, ես նրան ոչ տեսել եմ, ոչ գիտեմ ով է»,- «Ազատությանն» ասաց Անդրանիկ Մանուկյանը։
Նախօրեին ուկրաինական СorruptUA պարբերականըպարզել է, որ Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի մտերիմ ընկերոջ շքեղ առանձնատունը դարձել է Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի նստավայրը: Մայրաքաղաք Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող շքեղ առանձնատան դարպասին «Ուկրաինայում Հայաստանի դեսպանի նստավայր» գրությամբ ցուցանակ է հայտնվել: Ուկրաինական լրատվամիջոցը փաստում է՝ առանձնատան սեփականատերը Մարինա Ժուրավլյովան է՝ Յանուկովիչի իշխանության տարիներին Անտառային ռեսուրսների գործակալությունը ղեկավարած Վիկտոր Սիվեցի կինը:
Հոդվածագիրը պնդում է՝ սեփականության իրավունքի ռեեստրում չկա տեղեկություն այն մասին, որ առանձնատունը վարձով է տրվել: Վկայակոչելով անշարժ գույքի շուկայի մասնագետների մոտավոր հաշվարկները՝ պարբերականը նշում է, որ Կիևի կենտրոնի էլիտար թաղամասում գտնվող այդ առանձնատան միջին գինը կազմում է 2 միլիոն 400 հազար դոլար: Անդրանիկ Մանուկյանի այդ թանկարժեք նստավայրի և դրանում դեսպանի բնակության ժամկետի մասին լրատվամիջոցի պաշտոնական հարցումը դեսպանությունն անտեսել է: Պարբերականը բացում է փակագծերը. դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ դեսպանի նստավայրը, ինչպես նաև դեսպանության տարածքն անձեռնմխելի են, հետևաբար՝ Յանուկովիչի դաշնակից և դեռևս ուկրաինական իրավապահների ուշադրության կենտրոնում գտնվող Սիվեցը այդ կերպ իրեն պաշտպանում է իրավապահների խուզարկությունից:
Թերթը հիշեցնում է նաև, որ փակված չէ Ուկրաինայի նախկին գլխավոր անտառապետի մասնակցությամբ այսպես կոչված մարկետինգային ծառայությունների սխեմաների գործը, որով նա որպես կասկածյալ է անցնում: Քրեական այս գործը վերաբերում է բազմամիլիոնանոց գործարքների, որոնք կնքվել են օֆշորային տարբեր ընկերությունների հետ: Թերթի հավաստմամբ՝ միլիոններ կուտակած Սիվեցի ամբողջ ունեցվածքը գրանցված է կնոջ անունով: Մայդանից հետո Մոսկվայում հաստատված Սիվեցի բիզնեսների մեծ մասը դեռևս հայրենիքում է. դրանցով հիմնականում զբաղվում է Ժուրավլյովան, ով ժամանակ առ ժամանակ այցելում է Ուկրաինա և իջևանում հենց այն տանը, որն էլ այժմ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի նստավայրն է, գրում է թերթը։
«Ազատության» հետ զրույցում դեսպանը համոզմունք հայտնեց, թե այս պատմության ետևում թուրքերն ու ադրբեջանցիներն են, որոնք նպատակ ունեն սևացնել իր անունը։
«Ախր ես չեմ հասկանում՝ իմ կատարած հանցանքը ո՞րն է»,- հարցնում է Մանուկյանը.- «Ի՞նչ հանցանք եմ կատարել... որ տո՞ւն եմ վարձել։ Ուրեմն էդ դեպքում բոլոր մարդիկ հանցագործ են, ինչպես վարձակալելն է հանցագործություն, նույն կերպ էլ տանը ապրելը»։
Իրականում, Անդրանիկ Մանուկյանի խոսքերով, ինքը առանձնատունը վարձակալել է մինչև ուկրաինական հեղափոխությունը։ Ավելին՝ չի ճանաչում Սիվեցին, ոչ էլ գիտեր Ժուրավլյովայի ով լինելը։ Պնդում է՝ իր մտքով չի էլ անցել, որ վարձակալելով այդ շենքը՝ ինչ-որ մեկի համար անձեռնմխելիություն է ապահովում։
Ավելին՝ այստեղ