Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը` ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատանքների գագաթնակետում
Հայոց ցեղասպանությունն այն աղետալի իրողությունն է, որն անջնջելի հետք թողեց հայ ժողովրդի պատմության մեջ: Այդ պատճառով էր նաև, որ ազգի մնացած հատվածը արմատախիլ եղավ և տարածվեց երկիր մոլորակով` ձևավորելով հայկական Սփյուռքը: Եվ պատահական չէ, որ Հայաստանի անկախացումից հետո, պետական շինարարության գլխավոր հիմնաքարերը դնելուց հետո, ստեղծվեց նաև սփյուռքի նախարարությունը` նպաստելու հայապահպանության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ՀՀ Սփյուռքի նախարարությունը սկսեց պատրաստվել երեք տարի առաջ և նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ պատվով իրականացրեց իր առջև դրված բոլոր աշխատանքները:
Հրանուշ Հակոբյան` ՀՀ Սփյուռքի նախարար
-Տիկի՛ն Հակոբյան, այս տարին բոլոր հայերի համար յուրահատուկ է, քանի որ լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Սփյուռքի նախարարության աշխատանքները բավականին ակտիվ և արդյունավետ են ընթանում, կխնդրեմ ներկայացնեք 2015թ. առաջին կիսամյակում իրականացված ծրագրերը:
-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները նախապատրաստեցին պետությունն ու Սփյուռքը միասնաբար: Մեր նախարարությունը, համակարգելով սփյուռքի հետ տարվող աշխատանքները, ակնհայտորեն աշխատանքների գլխավոր թեման դարձրեց անդրադարձը ցեղասպանության խնդիրներին, ընդ որում` անցնող երեք տարիների և առավել ևս` 2015թ. ընթացքում:
Բանն այն է, որ սփյուռքն ինքը ցեղասպանության հետևանք է և խիստ զգայուն այս խնդիրների նկատմամբ: Ակներև է, որ մեր գործունեության գագաթնակետը եղավ ապրիլքսանչորսյան համակարգված աշխատանքների իրականացումը:
Պետք է նշեմ, որ գործընթացին մեծ արդյունավետություն հաղորդեց երեք տարի առաջ ՀՀ նախագահի գլխավորությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ստեղծումը: Նախ՝ ժամանակը շատ ճիշտ էր ընտրված, քանի որ այս երեք տարիների ընթացքում մենք կարողացանք լուրջ նախապատրաստական աշխատանքներ տանել բոլոր ծրագրերն իրականացնելու ուղղությամբ, երկրորդ` հանձնաժողովի աշխատանքները պետական մեծ հնչեղություն ստացան, քանի որ երկրի նախագահն էր ղեկավարում դրանք և երրորդ` այն դարձավ նաև համահայկական, համազգային կառույց, քանի որ դրա կազմում ընդգրկված են համահայկական բոլոր կառույցների ղեկավարները, ներկայացուցիչները, առավել ևս` երկու կաթողիկոսները, հոգևոր այլ առաջնորդներ:
Մեզ համար զուտ գաղափարական-քաղաքական ելակետ է հանդիսանում այն հռչակագիրը, որն ընդունվեց այս տարվա հունվարի 29-ին: Ես շատ ուրախ եմ, որ ինքս այդ հռչակագրի խմբագրական հանձնաժողովի կազմում եմ եղել և մասնակցել եմ յուրաքանչյուր սկզբունքի, հարցադրման երկար և մանրամասն քննարկումներին և կարծում եմ, որ ազգային մեծ ձեռքբերում էր, որ միաձայն ընդունվեց այս փաստաթուղթը, ու այսօր մենք դրա իրականացման ճանապարհին ենք. յուրաքանչյուր քայլ ծրագրավորելիս ելնում ենք հռչակագրի որդեգրած սկզբունքներից:
Երկրորդ գլխավոր ուղղությունն այն էր, որ մենք անցնող տարիներին աջակցեցինք Սփյուռքում գործող 61 տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորմանը, որոնք մեծ պատասխանատվությամբ իրականացնում են ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Միայն այս տարվա ընթացքում հանձնախմբերի նախաձեռնությամբ երկու հավաք-հանդիպումներ ենք կազմակերպել: Փաստորեն պետական հանձնաժողովում կայացվող որոշումները տեղայնացվում են ըստ տարածաշրջանների, այդ թվում խորհրդանիշերի, կարգախոսի և այլ անհրաժեշտ նյութերի տարածումը:
Հայաստանի էական, կարևոր ձեռքբերումներից է «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիա ֆորումի կազմակերպումը, որին հարյուրավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ մասնակցեցին: Կարևոր եմ համարում, որ ֆորումի ընթացքում մեր տեսակետները, հարցադրումները ներկայացվեցին, որոնք վերաբերում էին հայկական ամբողջ սփյուռքի հիմնախնդիրներին, մասնավորապես, կարևոր արձագանք գտավ իսլամացած հայերի հետ տարվող հայաստանյան հասարակական կառույցների աշխատանքը և նրանց իրավունքների հիմնահարցերը: Ֆորումն ընթանում էր «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով և հավատարիմ մնաց մեր որդեգրած չորս հիմնարար սկզբունքներին` հիշողություն, երախտագիտություն, միջազգային ճանաչում, վերածնունդ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կայացավ ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ և պատվերով հրատարակված 15 գրքերի շնորհանդեսը, որոնք ընդգրկում են կարևոր արխիվային նյութեր, հետազոտություններ, միջազգային փաստաթղթեր, Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, ,Ցավի, հիշողության և պայքարի կոթողներե պատկերագիրքը և այլն:
Լայն հնչեղություն է ստացել նաև «Մեր մեծերը» հաղորդաշարը: Յուրաքանչյուր տարի ընտրում ենք ազգիս մի քանի մեծի և փորձում ենք նրանց մասին նյութեր պատրաստել և տարածել, որպեսզի երիտասարդ սերունդը նրանց մասին տեղյակ լինի, ճանաչի և հիանա իր հայրենակիցներով: Այս տարի ծրագիրը նվիրվեց Դանիել Վարուժանին, Անդրանիկին, Համազասպին, Սիամանթոյին:
Ցավոք, այս ամենին զուգահեռ, մի նոր փորձության է ենթարկվում Միջին Արևելքում սիրիահայ համայնքը: Հայաստանը և Սփյուռքը շարունակում են առավել ակտիվ աշխատանքներ տանել սիրիահայերի հետ: Այսօր, ինչ տեղի է ունենում Սիրիայում, ցեղասպանության մի յուրօրինակ դրսևորում է: Զոհվում են մարդիկ, ոչնչանում հուշարձաններ, քաղաքակրթության նմուշներ: Սիրիական թնջուկի կիզակետում են նաև սիրիահայերը: 80 հազարանոց համայնքը ցիրուցան է եղել, այս ընթացքում 16-17 հազարից ավելի սիրիահայ է հաստատվել Հայաստանում: Պետական քաղաքական կամքի շնորհիվ` այսօր սիրիահայերի համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ հայրենիքում ապրելու համար. կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունները գրեթե անվճար են նրանց համար, հեշտությամբ լուծվում են նաև նրանց մուտքի, ելքի փաստաթղթերի, լիցենզավորման և այլ հարցերը: Խորապես շնորհակալ եմ սփյուռքյան կառույցներին, հատկապես ամերիկյան համայնքին, որոնց ջանքերով շոշափելի օգնություն է ցուցաբերվել սիրիահայությանը: Անձնուրացորեն են գործում նաև Սիրիայում ստեղծված «Շտապ օգնության» կառույցները, որոնք Սիրիայում յուրաքանչյուր հայի կողքին են, նրանց դժվարությունների լուծման աջակիցը:
-Ինչո՞վ են հիմնականում զբաղվում սիրիահայերը Հայաստանում:
-Նախ նշեմ, որ այսօր սիրիահայերի հոսքն ավելի է մեծացել, քանի որ վերջին շրջանում շատ է ակտիվացել հակառակորդ թևը: Հայաստանում, եթե սկզբում բոլորը սպասողական վիճակում էին, կարծում էին` շուտով կվերադառնան, ապա այժմ հասկանում են, որ դրա մասին մտածելն անիմաստ է:
Ուրախալի է, որ շուրջ 500-ից ավելի սիրիահայ ուսանողներ են սովորում մեր բուհերում, 1000-ավոր աշակերտներ` դպրոցներում: Յուրաքանչյուր տարի 100-ավոր երեխաների ամառային հանգիստն ենք կազմակերպում մանկական ճամբարներում: Պետք է նշեմ, որ այս երիտասարդները շատ արագ ինտեգրվում են հայաստանյան հասարակությանը:
Սիրիահայերի մի մասը փորձում է գործարարությամբ զբաղվել` օգտվելով պետական աջակցությունից, մյուս մասն էլ ներգրավվում է ծառայությունների մատուցման, սպասարկման ոլորտում:
Նախարարությունն այլ գերատեսչությունների հետ հատուկ ծրագրեր է իրականացնում նրանց Հայաստանում հաստատվելու գործընթացը հստակեցնելու և արագացնելու համար: Կազմակերպվում են տարբեր միջոցառումներ և ձեռնարկներ, մասնավորապես` կազմակերպվել են բազմաթիվ ցուցահանդեսներ, որոնցում սիրիահայերը ներկայացրել են իրենց ձեռքի աշխատանքները, խոհարարական հմտությունները, կենցաղային իրերի նմուշներ և այլն:
-Ի՞նչ կարծիք ունեք սիրիահայերի մասին, ինչպիսի՞ մարդիկ են նրանք:
-Սիրիահայերը բավականին համեստ, աշխատասեր, ստեղծագործ մարդիկ են և հուրախություն ինձ` բոլոր գործարարները, որոնց մոտ նրանք աշխատում են, գովեստով են խոսում նրանց մասին: Նրանք աշխատանքի, կենցաղի ոլորտներում նոր մշակույթ բերեցին:
Մեր նախարարությունը մեծ կոչնակ է հնչեցնում նաև, որ սփյուռքահայերն անպայման ՀՀ քաղաքացի դառնան: Արդեն մոտ 100 հազար հոգի երկքաղաքացի է դարձել, ինչը վատ ցուցանիշ չէ:
-Ի՞նչ նոր ծրագրեր եք իրականացրել:
-Սերտորեն համագործակցում ենք Հանրային առաջին հեռուստաընկերության հետ, մասնավորապես արբանյակային հեռուստաընկերության հնարավորությունը օգտագործում ենք Սփյուռքին հայկական ծրագրեր ներկայացնելու համար: Բացել ենք «Սփյուռքի ժամ», «Մերոնք» ծրագրերը, սփյուռքյան հատված` «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարում, ինչպես նաև մեր նախաձեռնությամբ Հայաստանում կայացած սփյուռքահայերի մասին ֆիլմեր են նկարահանվում և ներկայացվում հայկական աշխարհին:
Կուզենայի առանձնացնել «Հայոց լեզվի» հեռուստադպրոցը, որով մենք կարողանում ենք մայրենին ուսուցանել սփյուքահայերին: Այսօր հեռուստադպրոցն իրականացնում ենք անգլերեն և արևելահայերեն լեզուներով, սակայն մյուս տարվանից ծրագրում ենք իրականացնել անգլերեն և արևմտահայերեն, ինչպես նաև` ռուսերեն և հայերեն լեզուներով: Ունենք «Թարգմանիչ» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս փոխարկել արևելահայերենը արևմտահայերենի և հակառակը: Միաժամանակ գործում է մեր էլեկտրոնային գրադարանը և թանգարանը, որոնք անընդհատ լրացվում են:
Հիշեցնեմ, որ գործում է նաև «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթը և ՀՀ սփյուռքի նախարարության կայքը: Էլեկտրոնային հնարավորություններն առավել դյուրին են դարձնում սփյուռքահայերի հետ մեր գործակցությունը և համախմբմանն ուղղված մեր ծրագրերի իրականացումը:
-Այս տարի զբոսաշրջիկների թիվը մեծացել է ՀՀ-ում, նախարարության ներդրումը կա՞ այս հարցում:
-Ես շատ ուրախ եմ, որ մեր նախարարության ստեղծումից հետո Հայաստանում նկատվում է զբոսաշրջիկների թվի դրական դինամիկա: Պետք է նշեմ, որ, այո, մեր աշխատանքի մասնաբաժինը ես տեսնում եմ այդ ոլորտի զարգացման մեջ: Ամեն տարի միայն հազարավոր մարդիկ մասնակցում են մեր ծրագրերին:
Իմ հանդիպումների ժամանակ ես մշտապես դիմում եմ մեր հայրենակիցներին և հորդորում, որ ամեն մի հայ պարտավոր է անպայման գալ ու տեսնել Հայաստանը, երեք-չորս տարին մեկ անգամ հանգստանալ Հայաստանում: Իրենք կանցկացնեն իրենց հանգիստը և միաժամանակ կօգնեն Հայաստանի տնտեսության զարգացմանը:
Մենք հորդորում ենք նաև բնակարան ձեռք բերել Հայաստանում` հիմք ունենալով ՀՀ նախագահի խոսքը. «Հյուրանոցը հյուրերի համար է, հայը հայրենիքում տուն պետք է ունենա»: Հ ուրախություն բոլորիս` այսօր շատ ու շատ սփյուռքահայեր Հայաստանում բնակարաններ, անշարժ գույք են գնում, սա գովելի երևույթ է:
Մեր պարտքն է նաև մեր հայրենակիցներին ներկայացնել, թե ինչ պայմաններ են առաջարկում մեր բանկերը թե՛ վարկերի, թե՛ ավանդների, և թե՛ այլ ծառայությունների հետ կապված: Մեր երկրում մինչև 10 հազար դոլարը երաշխավորված է պետության կողմից և ավանդատուն չի կարող իր գումարը կորցնել ցանկացած պարագայում: Եթե բանկերում գումարներ պահելով սփյուռքահայը օգուտ ստանա, դրանից կշահեն նաև բանկերը, կզարգանա ՀՀ տնտեսությունը, և արտագաղթի, աղքատության տոկոսն էլ կնվազի ՀՀ-ում: Ուրախ եմ, որ շատերն արդեն արձագանքում են մեր հորդորին և բանկային ասոցիացիայի տվյալներով` Հայաստանի բանկերում սփյուռքահայերի ավանդները գնալով ավելանում են:
-Համահայկական խաղերը նույնպես յուրահատուկ էին այս տարի:
-Տարին նշանավոր է նաև նրանով, որ Համահայկական խաղեր ևս տեղի ունեցան և ուշագրավ է, որ սփյուռքահայերի մասնակցությունը Համահայկական խաղերին այս տարի թվաքանակով գերազանցել է նախորդ տարիներին: Ուրախ եմ, որ Արևմտյան Հայաստանից շատ մասնակիցներ ենք ունեցել, ինչպես նաև գովելի է, որ ընդլայնվել է սփյուռքահայության մասնակցության ոչ միայն աշխարհագրությունը, այլ նաև մարզաձևերի տեսակները: Հարկ է նշել, որ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն շատ համակարգված ու լավ աշխատեց և՛ Հայաստանում, և՛ տարբեր երկրներում:
Ինձ համար համահայկական խաղերին մասնակցությունն արդեն իսկ հաղթանակ է, այն Սփյուռքի համախմբման, հայրենիքին կապելու լավագույն գործիքներից մեկն է:
Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի