Երեկվանից ողջ համացանցն իրար խառնած СorruptUA պարբերականի սկանդալային բացահայտումներն այսօր շտապել է հերքել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը: «Ազատության» հետ զրույցում նա հերքել է պնդումները, թե ուկրաինացի նախկին պաշտոնյայի առանձնատունն ընտրելով իր նստավայր՝ ապահովել է վերջինիս ունեցվածքի անձեռնմխելիությունը: «Ես ի՞նչ կապ ունեմ այդ տան հետ։ Ես նախ այդ մարդուն չեմ ճանաչել, ես նրան ոչ տեսել եմ, ոչ գիտեմ ով է»,-ասել է նա:
Ըստ տարածված տեղեկությունների, Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի մտերիմ, նրա իշխանության տարիներին Անտառային ռեսուրսների գործակալությունը ղեկավարած Վիկտոր Սիվեցի կնոջ շքեղ առանձնատունը դարձել է Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի նստավայրը: Անդրանիկ Մանուկյանը սակայն պնդում է, որ ինքը տունը վարձակալել է 2013 թվականի սեպտեմբերին։ «Ես կնքել եմ պայմանագիրը տանտիրոջ հետ՝ Մարինա Ժուրավլյովայի հետ»,- հայտարարել է նա:
Դեսպանի խոսքերով, ինքը առանձնատունը վարձակալել է մինչև ուկրաինական հեղափոխությունը։ Ավելին՝ չի ճանաչում Սիվեցին, ոչ էլ գիտեր Ժուրավլյովայի ով լինելը։ Պնդում է՝ իր մտքով չի էլ անցել, որ վարձակալելով այդ շենքը՝ ինչ-որ մեկի համար անձեռնմխելիություն է ապահովում: Ուկրաինական պարբերականի հավաստամամբ, միլիոններ կուտակած Սիվեցի ամբողջ ունեցվածքը գրանցված է կնոջ անունով, ավելին, Մայդանից հետո Մոսկվայում հաստատված Սիվեցի բիզնեսների մեծ մասը դեռևս հայրենիքում է և դրանցով հիմնականում զբաղվում է Մարինա Ժուրավլյովան, ով ժամանակ առ ժամանակ այցելում է Ուկրաինա և իջևանում հենց այն տանը, որն էլ այժմ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի նստավայրն է: Հոդվածագիրը պնդմամբ, սեփականության իրավունքի ռեեստրում չկա տեղեկություն այն մասին, որ առանձնատունը վարձով է տրվել:
Վկայակոչելով անշարժ գույքի շուկայի մասնագետների մոտավոր հաշվարկները՝ պարբերականը նշում է, որ առանձնատան միջին գինը կազմում է 2․5 միլիոն դոլար: Պարբերականը նաև բացել է փակագծերը, մանրամասնելով, որ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ դեսպանի նստավայրը, ինչպես նաև դեսպանության տարածքն անձեռնմխելի են, հետևաբար՝ Յանուկովիչի դաշնակից և դեռևս ուկրաինական իրավապահների ուշադրության կենտրոնում գտնվով Սիվեցը այդ կերպ իրեն պաշտպանում է իրավապահների խուզարկությունից: Փակված չէ Ուկրաինայի նախկին գլխավոր անտառապետի մասնակցությամբ այսպես կոչված մարկետինգային ծառայությունների սխեմաների գործը, որով նա որպես կասկածյալ է անցնում: Թե իրականում այս պատմության մեջ ով ում բարեկամն է, և ով է հանձն առել ապահովել մյուսի անձեռնամխելություն: Ուկրաինաում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը սակայն «Ազատության» հետ զրույցում համոզմունք է հայտնել, թե այս պատմության ետևում թուրքերն ու ադրբեջանցիներն են, որոնք նպատակ ունեն սևացնել իր անունը։