Արևմուտքի երկրների առաջնորդները Թուրքիայում G20-ի գագաթնաժողովի կուլիսներում պայմանավորվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգել ևս 6 ամսով՝ մինչև 2016-ի հուլիս: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԵՄ-ում բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրին:
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի վարչապետներ Դևիդ Քեմերոնը և Մաթեո Ռենցին, ինչպես նաև Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: Պատժամիջոցների մասին որոշումն ընդունվել է, որպեսզի շարունակվի Ռուսաստանի վրա ճնշումը Դոնբասում տեղական ընտրությունների նախաշեմին:
«Ուկրաինայում ընտրությունները բարդ խնդիր է: Մենք հնարավորություն ունենք ստանալու այն, ինչ ուզում ենք, եթե խաղանք պատժամիջոցների խաղաքարտերով: Ֆինանսական պատժամիջոցները պետք է մինչև վերջ մնան ուժի մեջ»,- ասել է աղբյուրը:
Պատժամիջոցները որոշվել է երկարաձգել՝ չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առավել սերտ համագործակցության կոչին՝ ընդդեմ ԴԱԻՇ խմբավորման: