Կարևոր իրադարձություններ

Մոտ 2կգ․ կոկաինը տղամարդն իր հետանցքով Ռուսաստանից տեղափոխել է Հայաստան

22 Նոյեմբեր, 2015 18:36
Մոտ 2կգ․ կոկաինը տղամարդն իր հետանցքով Ռուսաստանից տեղափոխել է Հայաստան

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Էդգար Բ.-ի և Էդիկ Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ:

Ըստ դատական ակտի՝ «Սպո» մականունով Մխիթար Ս.-ն իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, Ռուսաստանից Հայաստան մաքսանենգությամբ թմրամիջոցներ տեղափոխելու համար 2013 թվականի հուլիսին կազմավորել է խումբ, դրանում ընդգրկել է իր աներձագ, 36-ամյա Էդիկ Մ.-ին ու ծանոթին՝ 32-ամյա Էդգար Բ.-ին:

Ըստ դերաբաշխման՝ Սանկտ Պետերբուրգում թմրամիջոցների ձեռքբերումը, դրանք Հայաստան տեղափոխելու նախապատրաստումը հանձնարարված է եղել Էդիկ Մ.-ին: Թմրամիջոցները Ռուսաստանից Հայաստան տեղափոխելու գործընթացը հանձնարարվել է Էդգար Բ.-ին, իսկ խմբի գործունեությունը ղեկավարել, անհրաժեշտ նյութական միջոցները տրամադրել և թմրամիջոցների իրացումը ստանձնել է ինքը՝ «Սպոն»:

Դատական ակտի համաձայն՝ որպեսզի փոխադրվող թմրամիջոցները չհայտնաբերվեն ՌԴ և ՀՀ մաքսային սահմաններում, խումբը որոշել է թմրամիջոցները փաթեթավորել այնպես, որ փոխադրողը՝ Էդգար Բ.-ն, կարողանա այդ փաթեթները հետանցքից տեղավորել իր ուղիղ աղիքում:

Այդպես անելով՝ 2013 թվականի հուլիսին Էդիկը Սանկտ Պետերբուրգում գնչուհի Կլավա անունով մի կնոջ հետ պայմանավորվել է թմրամիջոցների ձեռքբերման հարցով: Նա «Սպոյի» հատկացրած միջոցներով ձեռք է բերել թմրամիջոցների առաջին խմբաքանակը, համապատասխան ձևով փաթեթավորել ու տրամադրել է Սանկտ Պետերբուրգ ժամանած Էդգար Բ.-ին: Վերջինս փաթեթները տեղավորել է իր ուղիղ աղիքում և հուլիսի 17-ին ինքնաթիռով ժամանել է Հայաստան՝ թմրամիջոցները մաքսանենգությամբ տեղափոխելով Երևան:

Երկրորդ խմբաքանակը նույնպես Էդիկը ձեռք է բերել գնչուհի Կլավայից մեկ ամիս անց՝ օգոստոսին: Փաթեթավորել է, հանձնել է Էդգարին, նա տեղավորել է համապատասխան տեղում ու տեղափոխել է Հայաստան: Թմրամիջոցը նա թողել է Կոտայքի մարզի Քասախ գյուղում:

2013 թվականի հոկտեմբերի 5-ին Էդգար Բ.-ն Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու համար «Սպոյից» ստացել է ճանապարհածախսի գումարը, պայմանավորվել է, որ թմրամիջոցների նոր խմբաքանակ լինելուն պես այն պետք է բերի Հայաստան:

Հոկտեմբերի վերջին Երևանում գտնվող Էդիկը հեռախոսակապով գնչուհի Կլավայի հետ պայմանավորվել է, որ նա թմրամիջոցների խմբաքանակը հանձնի Սանկտ Պետերբուրգ գնացող Էդգարին:

Վերջինս նոյեմբերի 2-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է գնչուհի Կլավային, ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝ 1 կգ 944 գ քաշով կոկաին և 45,300 գրամ քաշով մեթադոն տեսակի թմրամիջոցներ, դրանց համար վճարել է 109 հազար ռուսական ռուբլի:

Թմրամիջոցները համապատասխան ձևով փաթեթավորել է, տեղավորել է իր ուղիղ աղիքում և նոյեմբերի 4-ին ինքնաթիռով ժամանել է Երևան՝ մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխելով վերը հիշատակված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները:

«Զվարթնոց» օդանավակայանից դուրս գալու ժամանակ  ՀՀ ԱԱԾ աշխատակիցները ստուգման են ենթարկել Էդգարի ուղեբեռը, բացահայտել են նրա ներքին օրգանում թաքցված թմրամիջոցները, որից հետո Էդգար Բ.-ին տեղափոխել են Իզմիրլյան բժշկական կենտրոն, որտեղ բժշկական միջամտությամբ թմրամիջոցները հանվել են Էդգարի օրգանիզմից:

ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 215 հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում Էդգար Բ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե 2012 թվականից սկսած՝ ավտոբուսով ու ինքնաթիռով հաճախ է մեկնել Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Պատահել է՝ Մոսկվայից մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ իր ծանոթ Ստեփանին տեսակցելու համար:

Մոսկվայում հիմնականում կատարել է շինարարական աշխատանքներ, աշխատել է որպես վարորդ:

Երևանում գտնվելու ժամանակ էլ տաքսի է վարել: 2013 թվականի ամռանը մի ուղևորի տեղափոխել է Պռոշյան սովխոզ, այնտեղ ծանոթացել ու մտերմացել է «Սպոյի» հետ:

Հոկտեմբերի սկզբներին ինքը ցանկացել է նորից մեկնել Ռուսաստան, բայց գումար չի ունեցել: Դիմել է «Սպոյին», նա չի մերժել, օգնել է:

Միաժամանակ, իմանալով, որ ինքը երկու ամսից վերադառնալու է Հայաստան, իրեն խնդրել է Սանկտ Պետերբուրգից իր համար դեղ բերել:

Ինքը գիտեր, որ «Սպոն» վատառողջ է, համաձայնել է նրա առաջարկին:

Հոկտեմբերին ինքը մեկնել է Մոսկվա, կատարել է շինարարական աշխատանքներ, իսկ նոյեմբերի սկզբին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, «Սպոյի» ծանոթից վերցրել է գումարը, որ ձեռք բերի դեղեր ու մոլդովական կոնյակ: Բայց գումարը բավականացրել է միայն դեղերի համար:

Ինքը տեղյակ է եղել, որ գնած դեղերը Հայաստանում գրանցված չեն, որոշել է դրանք տեղափոխել իր մարմնում՝ աղիքի մեջ: Դեղերի տեղափոխման այդ եղանակը ոչ ոք իրեն չի հուշել, դա իր մտահղացումն է եղել:

Նոյեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգից ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում իր ուղեբեռը կրկնակի է ստուգվել, առաջարկել են ներկայացնել մոտի թմրամիջոցները: Հետո իրեն տեղափոխել են հիվանդանոց ու հանել են դեղերը:

Միայն հիվանդանոցում է ինքն իմացել, որ տեղափոխած դեղերը իրականում թմրամիջոց են եղել: Դրա համար ինքը զայրացել է, ցանկացել է վրեժխնդիր լինել ու սուտ ցուցմունքներ է տվել, թե մի քանի անգամ «Սպոյի» կողմից կազմակերպված խմբի կազմում վերջինիս աներձագ Էդիկի հետ մաքսանենգությամբ թմրամիջոցներ է տեղափոխել Հայաստան:

Իրականում ինքը թմրամիջոցների տեղափոխմամբ չի զբաղվել, «Սպոյի» և Էդիկի հետ պայմանավորվածություն չի ունեցել… Ինքը նախկինում մեկ անգամ է թմրամիջոց օգտագործել՝ Մոսկվայում ծխել է, թմրամիջոցն իրեն տվել են աշխատանքի վայրում՝ շինհրապարակում…

Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել նաև Էդիկ Մ.-ն: Նա հայտել է, թե մոր հետ բնակվել է Սանկտ Պետերբուրգում, զբաղվել է շինարարական աշխատանքներով, մայրն էլ է աշխատել, իրենց գումարները բավականացրել են, որ բնակարան վարձակալեն ու հոգան իրենց կարիքները: «Սպոյին» ճանաչում է, նրա հետ լավ հարաբերությունների մեջ է: Թմրամիջոցների իրացմամբ ինքը չի զբաղվել, ոչ մեկին թմրամիջոց չի փոխանցել…

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Էդգար Բ.-ին ու Էդիկ Մ.-ին առաջադրված մեղադրանքները:

Էդգար Բ.-ն և Էդիկ Մ.-ն վերջին հաշվով դատապարտվել են 10 տարի ազատազրկման:

Աղբյուրը ` 1in.am

Լրահոս

Դիտել ավելին