Ազգային ժողովում «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրության քննարկման ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն անդրադառձավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ելույթին, ով կրկին քննադատության էր ենթարկել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության որոշումը:
«Սպասելի էր, որ նախորդ հռետորն իր ասելիքը պետք է ասեր ու թողներ գնար: Հասկանալի է, որ անհիմն հայտարարությունները, որոնք այստեղ արվեցին, ընդամենը հասարակությանը մանիպուլացնելու հերթական փորձն էին: Գործող իշխանությունները շատ լավ են տիրապետում, թե հատկապես որոնք են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության շահերը և բարդությունները, որոնք որոշ առումով առաջ են եկել այդ կառույցին մեր անդամակցությամբ: Այսօրվա դրությամբ աշխարհն ունի բազմաթիվ խնդիրներ, և այս համատեքստում մեր նպատակն է ոչ թե հասարակության ներսում էմոցիաներ և անհնազանդության տրամադրություններ ձևավորելու եղանակով դիմագրավելը, ինչը ուղիղ ճանապարհ է դեպի պետության հիմքերի թուլացում, այլ մեր հասարակական բոլոր շարտերի կոնսոլիդացիայի ջանքերով դուրս գալ այս բարդ իրավիճակից, որը ստեղծվում է մեր շուրջ»,-ասել է Արտակ Զաքարյանը՝ դիմելով Զարուհի Փոստանջյանին:
Ըստ Զաքարյանի՝ անվտանգության ու համաշխարհային ահաբեկչության սպառնալիքի աճն ու այլ զարգացումներ կարող են խոչընդոտել պետության կայուն զարգացմանը, տնտեսական ու սոցիալական հարաբերություններին, շարժունակությանը, հումանիտար նշանակության խնդիրներին:
«Մեր երկիրը ժողովրդավարական երկիր է, և ցանկացած քաղաքական ուժ կարող է ամենատարբեր կոչերով հանդես գալ, սակայն ողջամիտ քաղաքական ուժերը կարող են շատ լավ գիտակցել իրենց կողմից արվող կոչերի նշանակությունը և դրանց հետևանքները»,- եզրափակեց Արտակ Զաքարյանը: