Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանիգլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-ին և 19-ին մասնակցել էԱռողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ ԲրազիլիայիԴաշնային Հանրապետությունում անցկացվող «Գլոբալ ճանապարհային անվտանգության բարելավում. արդյունքների հասնելու ժամանակն է» խորագիրը կրող Անվտանգության հարցերով համաշխարհային 2-րդ ներկայացուցչական համաժողովին։ Համաժողովին մասնակցել են 130 երկրների պատվիրակություններ, որոնց կազմում են եղել պատասխանատու ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ տիկին Դիլմա Ռուսեֆը, ելույթ են ունեցել Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Համաժողովում քննարկվել են ճանապարհային անվտանգության խնդիրներին առնչվող այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են ճանապարհային անվտանգության մարտահրավերները, դրանց հաղթահարման տեխնիկական և իրավական ուղիները, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացության և վնասվածքների կրճատման ուղիները և այլ հարցեր։ Համաժողովի ընթացքում հայկական պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Մասնավորապես՝ ՀՀ կառավարության կողմից ընդունված Ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունը,ըստ որի ընդունվել են ճանապարհային անվտանգության ապահովման հետևյալ մեխանիզմները. արագաչափերի, ամրագոտիների կիրառման, թույլատրելի արագության և ոչ սթափ վիճակում փոխադրամիջոց վարելու դեպքում օրենքի կիրառման խստացման և այլն։
Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն այցի ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության տրանսպորտի նախարար Անտոնիո Կարլոս Ռոդրիգեսին: Գագիկ Բեգլարյանը բրազիլացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինական ծրագրերը, անդրադարձել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրին՝ նշելով, որ Հայաստանն աշխատում է ճանապարհային անվտանգության տեխնիկական լուծումների բարելավման ուղղությամբ և ճանապարհային անվտանգության աուդիտներն արդեն պարտադիր են դառնում բոլոր այն ճանապարհային նախագծերի համար, որոնքֆինանսավորվում են միջազգային ֆինանսական կառույցների կողմից և ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
Հանդիպման ավարտին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարն իր բրազիլացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ քննարկելու տրանսպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները: Նախարար Անտոնիո Կարլոս Ռոդրիգեսն ընդունել է հրավերը և պատրաստակամություն հայտնել այցելելու Հայաստան: Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն այցի ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Բրազիլիա քաղաքիճանապարհային ոստիկանության ղեկավարի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Սերբիայի, Ավստրալիայի պատվիրակությունների հետ։ Քննարկվել են ճանապարհատրանսպորտային ոլորտի կարգավորման, երթևեկության կազմակերպման , ճանապարհային անվտանգության ապահովմանն ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ճանապարհային անվտանգության հարցերով համաշխարհային 2-րդ ներկայացուցչական համաժողովում ՄԱԿ-ի ավելի քան 130 երկրների կողմից հավանության է արժանացել համաժողովի հռչակագիրը։ Հռչակագրի ընդունմամբ վերահաստատվել են այն նպատակները, որոնք միտված են մինչ 2020թ. ամբողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում մահացության, վիրավորների 50 տոկոսով կրճատման և ռիսկային 5 հիմնական գործոնների վերաբերյալ (ամրագոտի, պաշտպանիչ գլխարկ, պաշտպանիչ սարքեր երեխաների համար, ոչ սթափ վիճակում մեքենայի վարում, արագության
գերազանցում) համապատասխան օրենսդրության ընդունմանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն