ՌԴ պետդումայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ են անում խզել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ Սիրիայում ռուսական Սու-24 կործանիչի խոցումից հետո, գրում է «Իզվեստիա» թերթը։
Նման առաջարկով երկրի նախագահին են դիմել ՌԴ Կոմունիստական կուսակցությունից պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը:
Դիմումի կրկնօրինակն ուղարկվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
«Թուրքիայի ագրեսիան հերթական անգամ հաստատում է Թուրքիայի Հանրապետության անսահման աջակցությունը միջազգային ահաբեկչությանը, մասնավորապես՝ Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը»,-ասված է Պուտինին ուղղված նամակում, որով նախագահին խնդրում են Թուրքիայից հետ կանչել ՌԴ դեսպանին՝ մինչև իրավիճակի պարզաբանումը, իջեցնել դիվանագիտական հարաբերությունների մակարդակն ու բարձրացնել Թուրքիային պատասխանատվության ենթարկելու հարցը՝ ահաբեկչությանն աջակցելու համար։