Երեկ գիշեր Երևանի կենտրոնում սպանված 32-ամյա Հովհաննես Աթանյան «Անելիք» բանկի իրավաբանական բաժնի պետն էր, իսկ նրա կինը՝ Տաթև Գրիգորյանը, դասավանդում է Ֆրանսիական համալսարանում:
Այս մասին Shabat.am-ին փոխանցեց նրանց ընտանիքի մտերիմներից մեկը, ում դասախոսներն են եղել ամուսինները:
«Իրեն, իրենց ընտանիքը ճանաչելով, վստահ եմ, որ անհնար է, որ ինքը ինչ-որ մեկին ինչ-որ վատություն արած լինի որպես մարդ: Իմ կարծիքով, անձնական հարությունում չէ խնդիրը: Ենթադրում եմ, որ ի պաշտոնե որևէ որոշում է կայացվել, որը ինչ-որ մեկի սրտով չի եղել»,-ասաց մեր զրուցակիցը, ում Հովհաննես Աթանյանը Ֆրանսիական համալսարանում դասավանդել է քաղաքացիական իրավունք:
«Ավելի լավ ճանաչում եմ նրա կնոջը՝ Տաթև Գրիգորյանին, ով ֆրանսերենի մասնագետ է: Շատ մտերիմ ենք, երկուսն էլ շատ լավ, բարի, պոզիտիվ անձնավորություններ են: Այդպիսի մարդ գոյություն չունի, որ իրենց չսիրի: Ինձ համար շոկ էր, որ կարդացի, չէի հավատում: »,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով, Հովհաննեսն ու Տաթևն իր ճանաչած ամենաներդաշնակ ու գեղեցիկ զույգն էին ու հենց այդպիսի զույգերի տեսնելով կարելի է հավատալ, որ «երկրորդ կես» ասվածը գոյություն ունի, նրանք ունեին երկու երեխա:
«Այդ օրը նրա կնոջ՝ Տաթևի ուսանողներից մեկի վերջին դասն է եղել ու շատ ուրախ է եղել, նա շատ երջանիկ է եղել,այդ ընթացքում նրան անընդհատ զանգել են, երևի թե, որ տեղեկացնեն, նա անընդհատ անջատել է հեռախոսը, որովհետև դասի է եղել»,-ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ մինչև հիմա չի հավատում, որ նման բան կարող է եղած լինել: