Կարևոր իրադարձություններ

Արփինե Հովհաննիսյան. «Կառավարությունը վճռական է տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարում»

25 Նոյեմբեր, 2015 12:19
Արփինե Հովհաննիսյան. «Կառավարությունը վճռական է տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարում»
«ՀՀ կառավարությունը քաջ գիտակցում է կոռուպցիայի վտանգավոր ազդեցությունը օրենքի գերակայության, տնտեսության զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության վրա և վճռական է տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարում»,- այսօր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դոնոր կազմակերպությունների հետ քննարկմանը հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
 
Նախարարը հատկապես կարևորեց կոռուպցիայի դեմ պայքարի գործում պետական, միջազգային ու հասարակական կառույցների ջանքերի մեկտեղումը` հավելելով, որ հակակոռուպցիոն տարբեր միջոցառումներ վերջին տարիներին իրականացվել են տարբեր կառույցների, այդ թվում` պետական մարմինների կողմից, բայց շատ կարևոր է հատկապես համակարգված աշխատանքը:
 
Այս առումով նախարարը կարևորեց կառավարության նախաձեռնությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ստեղծումը, որը, նախարարի խոսքով, ջանքերը համատեղելու նոր ձևաչափ է:
 
Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ կառավարությունը օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել հատկապես Քրեական և Վարչական իրավախախտումների օրենսգրքերում: Այս փոփոխությունների արդյունքում քրեական պատասխանատվություն է նախատեսվելու նաև իրավաբանական անձանց համար, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերում թերի տեղեկությունների ներկայացումը ենթարկվելու է վարչական պատասխանատվության:
 
Քննարկմանը ներկա ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ելույթում ընդգծեց, որ Արդարադատության նախարարի ներկայությունը նման միջոցառմանը «խորհրդանշական» է և հույս հայտնեց, որ կառավարությունն իսկապես քաղաքական կամք կդրսևորի կոռուպցիայի դեմ պայքարում: Նա հիշեցրեց, որ այս հարցում Վրաստանը շատ ավելի առաջ է անցել Հայաստանից:
 
«Ես չեմ հասկանում` ինչով է Հայաստանը տարբերվում Վրաստանից» ,- ասաց դեսպանը` հույս հայտնելով, որ ցանկության դեպքում Հայստանն էլ կարող է լուրջ հաջողությունների հասնել: Իսկ հաջողության գրավականը, ըստ նրա, կոռուպցիայի դեմ միասնաբար պայքարելն է:
 
«Այնպես, ինչպես միասնական եք Ցեղասպանության ու ԼՂ հարցում, այդպես էլ պետք է միասնականություն ցուցաբերեք կոռուպցիայի հարցում»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:
 
ԵՄ դեսպանը նաև հայտնեց, որ ՀՀ-ում կեռուպցիան շատ է տարածված դատական համակարգում, դատարանները կոռուպցիայի դեմ չեն պայքարում, ինչի հետևանքով էլ մարդիկ չեն հավատում դատարաններին:
 

 

Լրահոս

Դիտել ավելին