Կարևոր իրադարձություններ

Մայր Աթոռում մեկնարկել է Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի ղեկավար մարմնի ժողովը

25 Նոյեմբեր, 2015 12:29
Մայր Աթոռում մեկնարկել է Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի ղեկավար մարմնի ժողովը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ու հրավերով նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքն է սկսել Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի ղեկավար մարմնի (ԵԵԿ) եռօրյա ժողովը: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ԵԵԿ ժողովը բացվել է նոյեմբերի 25-ին Մայր Աթոռի Ս. Վարդան և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռում կազմակերպված էկումենիկ աղոթքի արարողությամբ: Այն առաջնորդել է Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

Այնուհետև Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի է ունեցել առաջին նիստը, որի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսի անունից ողջույնի խոսք է ասել Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Նաթան Սրբազանը, կարևորելով ժողովականների մեկտեղումը համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, ի մասնավորի խոսել է պատմության ընթացքում հայ ժողովրդին բաժին ընկած դժվարությունների, մարտահրավերների և կրած հալածանքների մասին: Սրբազանն ընդգծել է, որ հայոց ազգը քրիստոնեական հավատով կարողացավ հաղթահարել այդ ամենը և պահպանել իր քրիստոնեական ինքնությունն ու արժեքները:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայոց եկեղեցին սրբադասեց ցեղասպանության զոհերին, ովքեր քրիստոնեական ճշմարիտ հավատքի վառ օրինակն էին: Իրենց նահատակության միջոցով նրանք ցույց տվեցին, որ ոչ մի երկրային ուժ չի կարող հաղթանակ տանել հավատքի նկատմամբ` իբրև վկայություն Սուրբ Պողոսի խոսքի` «Ո՞ւր է, ո՛վ մահ, քո խայթոցը, ո՞ւր է, ո՛վ գերեզման, քո հաղթությունը» (Ա Կորնթ.ԺԵ 55):

20-րդ դարի երկրորդ կեսից Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին կարևոր մասն է կազմում ժամանակակից էկումենիկ շարժման՝ լինելով անդամ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի, մասնակցելով տարբեր միջհարանվանական երկխոսություններին ու ծրագրերին:

Իսկապես, հավատքի հոգևոր ճամփորդությունն ավելի ամբողջական ու հարստացնող է դառնում, երբ իրականացվում է նրանց հետ, ովքեր քեզ հետ կիսում են ընդհանուր հավատալիքներն ու արժեքները: Միմյանց համար աղոթելը` իբրև քրիստոնյաներ, պարտականություն է, ինչը նույնպես կարող է նկատվել իբրև միմյանց նկատմամբ սիրո դրսևորում:

Այս օրերին, երբ աշխարհի տարբեր անկյուններում մեր քրիստոնյա քույրերն ու եղբայրները ենթարկվում են ամենասարսափելի հալածանքների այն պատճառով, թե ովքեր են նրանք և Ում են հավատում, մեզ համար պարզ է դառնում, որ մենք միայն մեր միության, քրիստոնեական համերաշխության և փոխադարձ սիրո միջոցով կարող ենք դիմագրավել այս բոլոր դժվարությունները», – նշել է Նաթան արքեպիսկոպոսը:

Վերստին բարի գալուստ մաղթելով ԵԵԿ գործադիր մարմնի անդամներին` Սրբազան Հայրը բարի ընթացք և հաջողություն է մաղթել ժողովի աշխատանքներին:

Լրահոս

Դիտել ավելին