Թուրքիան չի պատրաստվում ուռճացնել ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի հետ կապված միջադեպը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ստամբուլում ընթացող միջազգային իսլամական տնտեսական կոնգրեսի ընթացքում:
«Թուրքիան միշտ խաղաղության, երկխոսության, դիվանագիտական կարգավորման օգտին է հանդես գալիս, և սրանից հետո էլ մենք պետք է շարունակենք նույնը։ Սակայն ոչ ոք թող չսպասի, որ մենք խուլ ու կույր կմնանք մեր տարածքին, մեր սահմաններին, մեր ինքնիշխանությանն ուղղված ոտնձգության հանդեպ: Մենք մտադիր չենք ուռճացնել միջադեպը, մենք պարզապես պաշտպանում ենք մեր անվտանգությունն ու մեր եղբայրների (թուրքմենների) իրավունքները»,-ասել է նա:
Թուրք նախագահը դարձյալ հայտարարել է, թե ռուսական ինքնաթիռը խփվել է իր երկրի տարածքում ու ընկել Սիրիայի տարածքում:
Հիշեցնենք, որ երեկ ռուսական ռազմական ինքնաթիռը կործանվել էր Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու: Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների: