Նոյեմբերի 25-ին Երևանում ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող վնասազերծված խմբի անդամներից 31-ամյա Արթուր Եղիազարյանը և 43-ամյա Ավետիս Բարեյանն ու Վաղինակ Ստեփանյանը Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակիչներ են:
Shabat.am-ի հետ զրույցում Արևիկ գյուղի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանն ասաց, որ ոչ կասկածել են, ոչ էլ պատկերացրել, որ տղամարդիկ նման քայլի կգնային:
«Իրենք շատ իդեալական մարդիկ են եղել: Շատ նորմալ, աշխատող, հողագործ տղերք: Ոչ մի ավելորդ բան չենք նկատել»,-ասաց նա:
Նրա խոսքով, տղամարդիկ ընկերներ չեն եղել, բայց մտերմություն ունեցել են: Ապրել են սովորական գյուղացու նման:
«Վաղինակն ու Ավետիսը ազատամարտիկ են եղել, Վաղինակը երկու անգամ վիրավորվել է Ղարաբաղում: Բոլորն էլ ամուսնացած են, դպրոցահասակ երեխաներ ունեն»,-շարունակեց գյուղապետը, հավելելով, որ կատարվածն ու ղղակի շոկ էր իրենց համար:
Այս ընթացքում գյուղապետը չի խոսել տղամարդկանց ընտանիքների հետ, քանի որ, ըստ նրա, նրանք էլ ոչինչ չգիտեն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն Երևանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի:
ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ:
Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: Կասկածյալների ընդհանուր թիվը 19-ն է:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: