Նախօրեին ՀՀ ԱԱԾ աշխատակիցները տարել էին Գյումրիի «Ռադիո Մարիամ Հայաստան» ռադիոկայանի տեխնիկան: Ռադիոկայանը տեղակայված է Գյումրու Ղորղանյան 83 հասցեում, որտեղ մի քանի կազմակերպություն է գործում: Ռադիոկայանը պատկանում է կաթոլիկ եկեղեցուն, դրա տնօրենի՝ Հայր Անտոնիո Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանի հետ մեզ կապվել չհաջողվեց, բայց աշխատակիցներից տեղեկացանք, որ նոյեմբերի 25-ին Երեւանում զինված խմբի ձերբակալությունից հետո ԱԱԾ աշխատակիցները խուզարկել եւ տարել են իրենց տեխնիկան՝ չտալով որեւէ բացատրություն: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Հայր Անտոնիո Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանը նույնպես գտնվում է ԱԱԾ-ում, նրա հեռախոսահամարը շարունակ անհասանելի էր: Թե ինչը կարող է նման գործողությունների պատճառ հանդիսանալ, ըստ աշխատակիցների, ձերբակալված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը մի քանի անգամ նրանց ռադիոյում հյուրընկալվել է՝ հարցազրույցներ տալու նպատակով: Դրանից բացի, մեր տեղեկություններով, Հայր Անտոնիոյի ԱԱԾ տարվելը հնարավոր է կապ ունենա նաեւ խմբի անդամ Գեւորգ Արեգ Ջնդոյանի հետ: Երիտասարդը 26 տարեկան է, Շիրակի մարզի Փանիկ գյուղից: Նա ժամանակին հոգեւոր գործունեությամբ է զբաղվել, եւ հենց այս եկեղեցուց են նրան ուղարկել Իտալիա: Իսկ այժմ Գեւորգ Արեգ Ջնդոյանը բիզնեսներ ունի, ասում են՝ ապահովված երիտասարդ է, հենց եկեղեցին է փող հատկացրել, որ նա սնկի բիզնես անի: Մեր տեղեկություններով՝ նա լրագրողի մասնագիտություն ունի եւ որոշ ժամանակ աշխատել է որպես լրագրող: