Shabat.am-ը զրուցել նոյեմբերի 16-ին Կոտայքի մարզի Հանքավանի «Տաք ջուր» կոչվող վայրում երեք անձի՝ Վարդան ու Վահե Գալստյանների և նրանց ընկերոջ՝ Արմեն Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող Հայրապետ Սեփոյանի մոր՝ Նարինե Սեփոյանի հետ:
«Ես երբեք չեմ ուզել, որ իմ երեխեն ինչ-որ մեկին վնաս տա: Մեր երեսից, իմ երեխու երեսից ոչ մի անգամ չեմ ուցել, որ ինչ-որ մեկը տուժի, որովհետև մեր ընտանիքի երեսից այսքան ժամանակ դեռ ոչ մեկ վատություն չի տեսել: Էս ինչ-որ եղավ, պիտի չլիներ, պիտի խալխի տունը չքանդվեր, խալխի երեխեքը ափսոս էին, ջահել էին, մայր ունեին, հայր ունեին: Ես իմ վրա եմ վերցնում, ինչի համար էսպես լիներ…»,- մեզ հետ զրույցում հուզմունքը հազիվ զսպելով ասաց մայրը:
«Ես առաջինը մահացածների համար եմ վատացել, ջահել տղա են եղել, ծնող են ունեցել, էդ մարդկանց տունն է քանդվել, … Համ իրենց տունը քանդվեց, համ էլ իմ տունը քանդվեց»,-շարունակեց Նարինե Սեփոյանը:
Մոր խոսքով, որդին կոնֆլիկտային տղա չէ. «Իմ Հայրապետը կռվարար չէ: Ավելորդ ոչ մի բան չուներ՝ ոչ բնավորության, ոչ էլ պահվածքի մեջ:»-հուզված պատմեց մայրը:
Նա պատմեց, որ որդին սիրած աղջիկ ունի, պատրաստվում էին մինչև Նոր տարի նշանել նրան:
«Իրենց ծնողների, մայրերի համար ցավում եմ…Իմ երեխեն դեռ սաղ ա, էսքան եմ մղկտում, բա էն մահացածների համար ոնց պիտի մղկտան իրենց մայրերը…»,-լացը հազիվ զսպելով ասաց կինը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Հանքավանի «Տաք ջուր» կոչվող վայրում սպանվել են եղբայրներ՝ Վարդան և Վահե Գալստյանները և նրանց ընկեր Արմեն Հովհաննիսյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կողմերի վիճաբանության պատճառը եղել է ծառահատումը: Սպանված երիտասարդները` Վարդան ու Վահե Գալստյանները Հայրապետ Սեփոյանի հոր հետ վիճել են այն պատճառով, որ վերջինս կտրել է իրենց հոր` Հանքավանում գործարար Ֆրունզե Գալստյանի տնկած ծառը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 3-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: