Երեկ՝ նոյեմբերի 26-ին, «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասված է, որ պարբերական հարձակման թիրախ է դարձրել Ժիրայր Սէֆիլյանի կինը՝ Նանոր Բարսեղյանը:
«Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը Shabat.am-ի հետ զրույցում ասաց, որ իրավապահաները տարածված հայտարարությանը արձագանքել են շատ յուրօրինակ կերպով:
«Ոստիկանական մեծ կարգախմբով այցելել են նրան՝ ներկայացնելով, որ նպատակ ունեն պարզել դեպքի մանրամասները: Բնակարան չեն մտել, Նանոր Բարսեղյանը, բնականաբար, չի վստահում իրավապահպան մարմիններին, քանի որ դրանք վարչախմբի գործիքներն են: Ուստի հողորդում ու բացատրություն տալու ցանկություն չունի:Քաղաքական գործունեության համար վարչախմբից մշտապես հարվածներ ստացող ընտանիքի անդամին մեկ հետաքննիչի փոխարեն այդպիսի «տպավորիչ» կազմով այցելելը նույն այդ ընտանիքի և հենց Նանոր Բարսեղյան-Սէֆիլյանի նկատմամբ նախկինում և նույն օրը իրականացված ահաբեկման գործողությունների շղթայի հերթական օղակն է»,-ասաց Վարուժան Ավետիսյանը, ընդգծելով, որ աա ամենավերին մակարդակում կազմակերպված և իրականացվող ծրագիր է:
«Վարչախումբն, իր կարճ խելքով, հույս ունի, որ նման ստոր մեթոդներով կարող է ազդել Ժիրայր Սէֆիլյանի ու նրա ընտանիքի վրա, ինչպես նաև պայքարից հեռու պահել նրա ընկերներին ու համակիրներին: Հայտնի բան է, որ ամեն մեկը դիմացինին իր չափով է չափում: Սակայն հայտնի է նաև մեկ ուրիշ իրողություն՝ այդպես չափողին էլ են նույն չափով չափում: Սպառվող համակարգի և ոտքից գլուխ կեղտի ու հանցավորության մեջ թաղված կառավարիչների վերջին ձղաձգումներին ենք ականատես լինում»,-շարունակեց նա:
Հայտարարության մեջ նշված է, որ նոյեմբերի 26-ին, ժամը 16:30-ի սահմաններում, երբ Նանոր Բարսեղյանը դուրս է եկել Ամիրյան փողոցի վրա գտնվող «Բիբլոս» բանկի մասնաճյուղի շենքից, հարձակվել են նրա վրա, քաշքշել և, հափշտակելով նրա պայուսակը, որտեղ եղել են գումար, փաստաթղթեր և անձնական իրեր, փախուստի են դիմել:
Հարցին, թե հավանական համարում են, որ Նանոր Բարսեղյանին մի քանի օր հետևել են թալանելու նպատակով և հենց նույն մարդն է եղել նրան օրեր շարունակ հետրևողը, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Դեպքը չի կարելի դիտարկել Ժիրայր Սէֆիլյանի և նրա ընտանիքի, նույն Նանոր Բարսեղյանի նկատմամբ անցնող տարիներին, ամիսներին և օրերին տեղի ունեցած մեծ ու փոքր բռնությունների և համակարգային հալածանքի համատեքստից դուրս: Պատահական ոչինչ չի լինում: Մյուս կողմից՝ Նանոր Բարսեղյանը համեստ կենցաղ է վարում և չէր կարող կողոպտիչների համար հատուկ թիրախ լինել»:
Նա փոխանցեց նաև, որ տիկին Բարսեղյանի մոտ սկզբում եղել է հուզական վիճակ, սակայն այժմ ամեն ինչ նորմալ է:
«Նա Լիբանանի քաղաքացիական, Արցախյան ազգային-ազատագրական և հայ ազգի դեմ հանցավոր վարչախմբի վարած ներկայիս պատերազմների կոփվածք ունի: Պայքարը և հաղթանակը նրա համար սովորական իրադարձություններ են»,-ասաց Ավետիսյանը: