Այսօր Գյումրիում տեղի ունեցավ 2 անչափահաս երեխաների հայր, «Անելիք» բանկի 32 ամյա իրավաբան Հովհաննես Աթանյանի հուղարկավորությունը: Գյումրու Ղանդիլյան փողոցում տեղակայված Հովհաննես Աթանյանի հայրական տանն ասեղ գցելու տեղ չկար: Երիտասարդին հրաժեշտ տալու էին եկել հարազատները, մերձավորները, գործընկերները եւ շատ գյումրեցիները: Խոսելու, որևէ կարծիք հայտնելու ցանկություն հարազատները չունեին: Փոխարենը Hraparak.am-ի հետ զրույցում մեծ ափսոսանք ու ցավ հայտնեցին Հովհաննեսի գործընկերներն ու մանկության ընկերները: «Այն, որ ոչ միայն մեծատառով մարդ կորցրինք, այլ հիանալի մասնագետ, այլևս իրողություն է, չգիտեմ ինչ ասեմ, դեռ մարսել է պետք»,-ասաց գործընկերներից մեկը:
Բանկի տնօրինությունը կատարվածից այնքան է ցնցված, որ չի շտապում քննարկել նոր իրավաբան գտնելու հարցը: Հովհաննեսի մանկության ընկերը ցնցված է կատարվածից: «Մենք միասին ենք մեծացել, մեզ իրարից բաժանեց նրա աշխատանքը, տեղափոխվեց Երևան, էդ աշխատանքի համար էլ կյանքը զոհեց»,-ասաց նա: Դրսում կանգնած տարեց տղամարդկանցից մեկը, ով Աթանյանների հարևանն է, ասաց. «Պատկերացնում ես աղջիկ ջան, որ ամեն վարկ ունեցող էսպես հաշվեհարդար տեսնի, Հայաստանում մարդ չի մնա: Հարցրու մեկը կա, որ վարկ չունենա, կյանքի գնով տալիս են, քիչ մարդ ա ունեցվածքը կորցրել: Խնդիրը էս մեր պետության մեջա, ոչ թե բանկի աշխատողի, որ էս անմեղ տղուն իր գործ անելու համար սպանեցին: Ափսոս Հովհաննեսս, իմ աչքի առաջի էրեխեն էր»:
Նշենք, որ Հովհաննես Աթանյանը ծնունդով Գյումրիից էր, սակայն ապրում էր Երեւանում: Նա «Անելիք» բանկում աշխատում էր 2009 թ.-ից։ Սովորել է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում, եղել է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի համակուրսեցին: Կինն էլ դասավանդում է Ֆրանսիական համալսարանում: Սպանվածի հայրը՝ Լեռնիկ Աթանյանը, դատավոր էր, աշխատում էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն մոտ 8 ամիս է, ինչ պաշտոնանկ են արել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Երևանի Վարդանանց փողոցի 14 շենքի դիմաց անհայտ անձը կրակոցներ է արձակել մի քաղաքացու ուղղությամբ, ով տեղում մահացել է: Սպանվածը Անելիք բանկի իրավաբան, 32-ամյա Հովհաննես Աթանյանն էր՝ Սյունիքում նախկին զինվորական դատավոր Լեռնիկ Աթանյանի որդին: Նրա վրա մահացու կրակոցներ արձակողը , ով սպիտակ ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով հասցրել էր փախուստի դիմել, Աշտարակում բնակվող 54-ամյա Մկրտիչ Պողոսյանն է եղել: Վերջինս մեր տեղեկություններով վարկային պատմություն է ունեցել նշված բանկի հետ: Մկրտիչ Պողոսյանը կալանավորված է:
Արևիկ Հակոբյան Գյումրի
Նյութի աղբյուրը ` hraparak.am