Ռուս-թուրքական հարաբերությունների սրացման, դրա հետագա վտանգների, Հայաստանի հնարավորությունների մասին Shabat.am-ը զրուցել է թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ:
-Պարո՛ն Չաքրյան, ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա:
-Չեմ կարծում, որ Հայաստանն այս պարագայում որևէ ձեռքբերումներ կամ կորուստներ կարող է ունենալ, որովհետև Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ որպես այդպիսին չունի: Իհարկե, ռուս-թուրքական հարաբերությունները բացասական հետևանքներ կունենա, եթե միջազգային հանրությունը հաշտեցման փորձ անի: Ռուս-թուրքական հարաբերությունները հետևողականորեն սրվում են, բայց Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառում: Ռազմական որևէ միջոցառում ՌԴ-ն չի նախատեսում: բայց դեռ նավթային ծրագիրը օրակարգից չի հանում: Թուրքիան ներմուծած բնական գազի 60%-ից ավելին ստանում է ՌԴ-ից: Կարող է խողողովակաշարը վնասվել կամ սահմանափակվեն այն թուրքական ընկերությունները, որոնք հսկայածավալ շինարարական աշխատանքներ են կատարում: Ոչ թե սանկցիաներ կարող են կիրառվել, այլ կողմնակի միջոցներով ճնշել:
- Երկու երկրների միջև պատերազմը բացառվո՞ւմ է:
-Կարծում եմ մի ինքնաթիռի պատճառով ոչ ոք միմյանց դեմ չի պատերազմի, մանավանդ, որ պատճառը Սիրիան է: Ռուսական ինքնաթիռը խոցվել է սիրիական խնդիրների պատճառով:
- Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը հնարավորություն կտա՞ Հայաստանին գրավել ռուսական շուկան:
-Այն ապրանքները, որոնք ՌԴ ստանում է Թուրքիայից, մենք չենք ստանում, Թուրքիան մեծ քանակությամբ տեքստիլ, բանջարեղեն է արտադրում, ինչը մենք չենք կարող անել: Նրանց ապրանքները միլիարդավոր դոլարների են հասնում: Հայաստանը ռուսական շուկայում իր դիրքերն ամրապնդելուց առաջ պետք է երկրի ներքին կյանքը կարգավորի: Պետք է կասեցնի բնակչության արտահոսքը և անցնի ազատ շուկայական հարաբերությունների: Մենք անցել ենք դրան, բայց շուկան մենաշնորհային է: Իսկ այդ դեպքում երկրում արդյունաբերությունը չի կարող զարգանալ: