Նոյեմբերի 28-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցավ Պատանի քիմիկոսների համահայկական 6-րդ մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլը: Մրցաշարը հրաշալի հնարավորություն է բարձր դասարանների աշակերտների համար՝ իրականացնելու իրենց առաջին գիտական հետազոտություններն ու փոքրիկ հայտնագործությունները` «Քիմիան հնարամիտների համար» կարգախոսի ներքո: Այս տարի մրցաշարն ունեցավ ռեկորդային թվով մասնակից՝ 36 թիմ, 172 մասնակից աշակերտ և 51 մարզիչ ու ղեկավար: «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը «Այբ» կրթական հիմնադրամի բազմաթիվ ծրագրերից մեկն է, որն ուղղված է հանրակրթության ոլորտում տաղանդավոր երեխաների բացահայտմանը»,- բացման խոսքում նշեց Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի համակարգող Նինա Հոբոսյանը: Քառորդ եզրափակչին թիմերը լուծեցին թեստային խնդիրներ, որոնք ստուգվեցին մասնագիտական հանձնաժողովի կողմից, ապա տեղում հրապարակվեցին կիսաեզրափակիչ փուլ անցած 9 թիմերի անունները։ Դրանք են՝ Վաղարշապատի «Ալմաստ», Վանաձորի «Էվրիկա», Մասիսի «Ռեագենտ», Գյումրու «ֆոտոն», Երևանի «Ուրան», Գյումրու «Ադրենալին», Գյումրու «Ռուբին», Երևանի «Բումերանգ», Արարատի «Աքվա»: Այս թիմերը կհանդիպեն արդեն ապրիլին՝ կիսաեզրափակիչ մարտերի ժամանակ: Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը (ՊՔՀՄ) փոխներգործուն (ինտերակտիվ) խաղի սկզբունքով անցկացվող թիմային մրցույթ է, որտեղ 9-12-րդ դասարանների աշակերտները լուծում են քիմիայի բարդ ու հետաքրքիր առաջադրանքներ և բանավիճում գիտական թեմաների շուրջ: ՊՔՀՄ-ի մարտերը դատում է ժյուրին, որի կազմում ներգրավված են ԵՊՀ-ի, ՀԱՊՀ-ի և ՀՊՄՀ-ի դասախոսներ, երիտասարդ գիտաշխատողներ, ուսուցիչներ, այլ մասնագետներ: