Կարևոր իրադարձություններ

Հայաստանը չպետք է թույլ տա, որ Ռուսաստանը նրան ներքաշի այդ հակամարտության մեջ

28 Նոյեմբեր, 2015 21:00
Հայաստանը չպետք է թույլ տա, որ Ռուսաստանը նրան ներքաշի այդ հակամարտության մեջ

Ռուս-թուրքական հարաբերությունները գնալով սրանում են: Ըստ մամուլում հրապարակված հոդվածների համաձայն Ռուսաստանն արդեն պատճառներ է փնտրում թուրքական ապրանքների մուտքը ռուսական շուկայում արգելելու համար: Թեմայի շուրջ Shabat.am-ը զրուցել է Միջազգային և  անվտանգության հայկական հարցերի ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանի հետ:

-Պարո՛ն Վարդանյան, ի վերջո ինչի՞ կարող է հանգեցնել երկու երկրների հարաբերությունների վատթարացումը:

Կարծում եմ ռուս-թուրքական հարաբերությունները առայժմ որոշ ժամանակ սրված կմնան, սակայն երկարաժամկետ կտրվածքով դրանք չեն մնա թշնամական: Երկու կողմերն էլ մոտ ապագայում որոշակի քայլեր կձեռնարկեն լարվածությունը թուլացնելու համար, քանի որ վերջին տարիներին Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին ջերմացել էին: Մոսկվան և Անկարան լրջորեն համագործակցում էին էներգետիկայի, տուրիզմի, շինարարության, առևտրի և մի շարք այլ ոլորտներում: Թուրքիան Ռուսաստանի արտաքին առևտրային գործընկերների շարքում զբաղեցնում էր 6-րդ տեղը, իսկ Ռուսաստանը Թուրքիայի արտաքին առևտրային գործընկերների մեջ զբաղեցնում էր 2-րդ տեղը: Այսինքն հարաբերությունների բարելավումը բխում է երկու երկրների շահերից:

-Ռուսաստանի սահմանապահները Թուրքիայի քաղաքացիներին չէին  թույլատրել հատել սահմանը և ասել էին. “Էրդողանին կբարևեք”: Ի՞նչ է սա նշանակում: Արդյո՞ք իրավիճակն այդքան բարդ է:

Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խփելը մեծ հարված էր Ռուսաստանի ինքնասիրությանը և, բնականաբար, Կրեմլը պետք է ի պատասխան դրա քայլեր ձեռնարկեր Թուրքիայի դեմ: Պուտինը վերջին տարիներին ամեն ինչ անում է միջազգային ասպարեզում Ռուսաստանի կորսված հեղինակությունը վերականգնելու համար և պետք է ինչ-որ պատասխան հարված հասցներ Թուրքիային: Ռազմական հարված հասցնելը կնշանակեր ՆԱՏՕ-ի ներգրավումը հակամարտության մեջ, ինչը Կրեմլի համար ցանկալի չէ: Միակ տարբերակը ինչ-որ տնտեսական պատժամիջոցներ կիրառելն է: Սակայն ինչպես նշեցի որոշ ժամանակ հետո երկու երկրները քայլեր կձեռնարկեն իրավիճակը մեղմելու համար:

-Հայաստանն այս պարագայում շանսեր ունի՞, ռուսական շուկայում դիրքերն ամրապնդելու համար:

Ռուսաստանն արդեն արգելքներ է դրել թուրքական մսամթերիքի ներմուծման վրա: Այստեղ Հայաստանը կարծում եմ ամրապնդվելու հնարավորություններ չունի, քանի որ մեր երկիրն ինքն է մսամթերք ներկրում արտերկրից: Տեղեկություններ կան որ Ռուսաստանը ցանկանում է սահմանափակումներ մտցնել նաև այդ երկրում աշխատող թուրքական շինարարական ընկերությունների նկատմամբ: Այստեղ հայերը կարող են ընդամենը որոշ տեղերում որպես ենթակապալառուներ հանդես գալ. Սակայն հայկական ընկերությունները կարծում եմ չեն կարող փոխարինել թուրքական ընկերություններին, որոնք ավելի մասշտաբային և բարդ շինարարական աշխատանքներ են իրականացնում: Շինարարական աշխատանքների ոլորտում պետք է ասել, որ թուրքական ընկերությունները շատ ուժեղ են և զարգացող շատ շուկաներում մրցունակ:

-Որևէ վտանգ սպառնու՞մ է Հայաստանին, այսինքն ռուս-թուրքական հարաբերություններում մեր երկիրը դերակատարում ունի՞:

Հայաստանի համար վտանգավոր կլինի, եթե ռուս-թուրքական լարվածությունը տեղափոխվի Հայաստանի սահման կամ Հարավային Կովկաս: Ընդհանուր առմամբ Հայաստանը պետք է թույլ չտա, որ Ռուսաստանը նրան ներքաշի այդ հակամարտության մեջ, քանի որ դա հղի կլինի լրջագույն հետևանքներով: Մեր երկիրը այս հակամարտության մեջ պետք է միայն չեզոքություն պահպանի:

Լրահոս

Դիտել ավելին