Բրիտանացի հայտնի սննդաբան եւ մարզիչ Զանա Մորիսը նիհարելու յուրօրինակ մեթոդ է մշակել: Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ խոսքը «Սննդակարգ՝ ճարպի մեծ պարունակությամբ» կոչվող մեթոդի մասին է, ըստ որի՝ ավելորդ քաշից հնարավոր կլինի ազատվել՝ ուտելով բարձր յուղայնությամբ սննդամթերք եւ մարզվելով: Սննդաբանը վստահեցնում է, որ 14 օրվա ընթացքում հնարավոր կլինի 4,5 կգ կորցնել:
«Մոռացե՛ք կալորիաները հաշվելու, քաղցի զգացողության, ժամերով մարզվելու եւ դանդաղ նիհարելու մասին,- իր նոր գրքում գրում է սննդաբանը:- Մոռացե՛ք թեփի եւ ստվարաթղթի համով մթերքների մասին: Այդ ամենի փոխարեն ես առաջարկում եմ յուղոտ մթերք՝ ընկույզ, ավոկադո եւ նույնիսկ սերուցքային պանիր, ինչպես նաեւ օրական 12 րոպե մարզանք»:
Մասնագետը նշել է, որ իր այս նոր սննդակարգը գործում է ճարպի եւ ինսուլին հորմոնի փոխազդեցույան շնորհիվ: Ինսուլինն արտադրվում է ուտելու ժամանակ՝ կարգավորելով արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Ինսուլինի քանակն, ընդ որում, կախված է օգտագործվող սննդի տեսակից. շաքարը եւ ածխաջրերը (որոնք հեշտությամբ են վերածվում գլյուկոզայի) մեր օրգանիզմում շատ ինսուլին են արտադրում, իսկ ահա սպիտակուցները (որոնք այդքան էլ արագորեն չեն դառնում գլյուկոզա)՝ ավելի քիչ: Ինչ վերաբերում է բարձր յուղայնությամբ սննդին, ապա դրանք գլյուկոզայի վերածվում են դժվարությամբ՝ փոխակերպման մի քանի փուլից հետո, ուստի ճարպոտ սնունդ օգտագործելուց հետո ինսուլինի քանակն արյան մեջ չի բարձրանում: Սա նշանակում է, որ եթե մարդը շատ ճարպ օգտագործի եւ բացառի շաքարն ու ածխաջրերը ապա տեսականորեն ինսուլինի քանակն արյան մեջ ցածր կմնա, իսկ օրգանիզմն էներգիայի կարիք կունենա եւ ստիպված կլինի դա վերցնել օրգանիզմի յուղերից. արդյունքում մարդը կնիհարի՝ առանց քաղց զգալու:
Սակայն կարելի՞ է այդքան ճարպ օգտագործել
Մասնագետը խորհուրդ է տալիս առողջությունը չվտանգելու նպատակով ճարպերով շատ հագեցած սնունդ չուտել, օգտագործել ավոկադո, ընկույզ, յուղոտ ձուկ եւ ձիթայուղ: Կարելի է նաեւ սննդակարգում ներառել սերուցքային պանիր եւ կարմիր միս:
Ինչ վերաբերում է վարժություններին, Մորիսը խորհուրդ է տալիս կատարել կարճատեւ, բայց ինտենսիվ վարժանքներ՝ օրական 10-15 րոպե տեւողությամբ: Դրանք կձգեն մկաններն ու կամրապնդեն օրգանիզմը:
Հավելենք, որ որոշ մասնագետներ համարում են, որ ցանկացած սննդակարգ, որը բացառում է այս կամ այն տեսակի մթերքի օգտագործումը, կարող է վնասել առողջությունը: