Հայաստան- Ալբանիա ֆուտբոլային խաղից հետո, երբ ազգային հավաքականը պարտություն կրեց, սերբիական մամուլը գրեց այն մասին, որ խաղը վաճառված է եղել: Նման հայտարարությունից հետո ՖԱՖ-ի անդամները, երկու անգամ երթով շարժվեցին դեպի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակ՝ պահանջելով Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:
Այս բողոքի ցույցերից հետո Հայրապետյանն ընտրովի զրույց ունեցավ ԶԼՄ որոշ ներկայացուցիչների հետ: Թե ո՞րն էր նման առանձնազրույցի պատճառը, թերևս ոչ բոլորը հասկացան, բայց այն, որ Հայրապետյանն ինչ-որ բան է թաքցնում, դա ակնհայտ է:
Հայրապետյանն ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել էր, որ ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում դավաճանություն է եղել, սակայն անուններ առայժմ չի հրապարակի, քանի որ փաստեր չունի: ՀՖՖ նախագահը նշել էր. «Ես չգիտեմ ճիշտ եմ անում, թե սխալ, որ չեմ հրապարակում հավաքականի ներքին խնդիրները, բայց դրանք բազմաթիվ են: Խնդիրն իմ առաջ է`կարգի բերել հավաքականը: Ես ինձ համար ձախողում եմ համարում, որ ֆուտբոլը դարձավ բոլորինը, դավաճանությունը վերացրեցի, բայց նորից ետ եկավ»:
Հայրապետյանի մեղադրանքներից հետո հավաքականի 9 առաջատար ֆուտբոլիստներ անդարադարձել էին սերբիկական մամուլի և Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին: Ճիշտ է, այդ անդրադարձի մեջ չկար նշված ՀՖՖ նախագահի անուն ազգանունը, բայց բաց տեքստից էլ պարզ էր, որ ֆուտբոլիստների պատասխանն ուղղված էր Ռուբեն Հայրապետյանին: Ֆուտբոլիստների հայտարարության մեջ մասնավորապես նշված էր. «Հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի շուրջ տարածված լուրերը, մեկնաբանությունները և շշուկները, ուզում ենք անդրադարձ կատարել վերը նշված հարցերին: Նախ նշենք, որ Ալբանիայի դեմ կայացած հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններն ու լուրերը ամբողջությամբ կեղծ են: Մենք լիովին վստահ ենք մեր հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի վրա և մեր հավաքականում դավաճանություն փնտրելը որևէ արդյունք չի տալու»:
Shabat.am-ը փորձեց կապ հաստատել ՀՖՖ նախագահ՝ Ռուբեն Հայրապետյանի հետ, հասկանալու՝ պատրաստ է պատասխանել ֆուտբոլիստներին, և չի՞ ցանկանում ներողություն խնդրել նրանցից՝ դավաճության մասին խոսելու համար, սակայն Հայրապետյանն ասաց, որ հեռախոսային հարցազրույցի չի տալիս և անջատեց հեռախոսը:
Մի բան միայն անհասկանալի է մնում, ի վերջո ո՞վ է պատասխանատու այս հայտարարությունների համար՝ Հայրապետյանը թե՞ հավաքականի ֆուտբոլիստները, որոնց ՀՖՖ նախագահը դավաճանության մեջ է մեղադրում: Ովքե՞ր են դավաճանները և ու՞մ պետք է պատասխանատվության ենթարկել: